1232 դիտում, 2021.01.28 00:18

Հիմա արտահերթ ընտրություն անցկացնելը երկրի համար վտանգավոր է. Ռոբերտ Քոչարյան

Հիմա արտահերթ ընտրություն անցկացնելը երկրի համար վտանգավոր է. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին, եթե իշխանությունն, այնուամենայնիվ, այս մթնոլորտում կազմակերպի արտահերթ ընտրություններ: Այս մասին այսօր երեք լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հարցին, թե  ապագայում ինչ գործընթացներին է մասնակցելու ինքը, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իր կողմնակիցներին կոչ է արել ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին, որը և անում են, իսկ ինչ վերաբերում է իր` ավելի ակտիվ մասնակցությանը, ապա «Իմ քայլը» իրեն երկու տարի բանտում է պահել և մտածել, որ եթե իրեն իշխանություն տան, ապա սուրը հանելու է ու աջ ու ձախ վրեժխնդիր է լինելու իրենցից, իրենց մինչև հիմա դա են «ներարկում»:

«Այդ մարդիկ այդպես են մտածում, որովհետև իրենք հավանաբար այդպիսին են, և պատճառը նաև դա է, որ ես ինձ հեռու պահեցի այս գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի այդ 20-25 պատգամավորներին վախեցնելու համար: Հետագա գործողությունների մասով, եթե լինեն ընտրություններ, նայած ինչ ֆորմատով, քաղաքական պայքարի համար ամբողջ գործիքակազմն ունենք, կա նաև թիմ, ինչ վերաբերում է ընտրություններին, շատ ավելի ճիշտ կլիներ, որ վիճակը կայունացվեր ու հանգիստ միջավայրում կազմակերպվեր ընտրություններ, որովհետև այսօր արտահերթ ընտրությունները այս հակասությունների մթնոլորտում, շատ զգայուն հարցերի վերաբերյալ պատասխանների բացակայության պարագայում իսկապես վտանգավոր է, սակայն եթե ընտրություններ լինեն,  իհարկե, միանշանակ եմ մասնակցելու, եթե ավելի արագ լինեն ընտրություններ, ապա չեմ կարծում, որ չմասնակցելը ճիշտ է, հակառակ դեպքում մենք այս մարդկանց հնարավորություն կտանք վերահաստատել իրենց իշխանությունը: Եթե այս մարդիկ չեն հասկանում, որ այս պայմաններում ընտրությունները վտանգավոր են երկրի համար, այնուամենայնիվ  ընտրություններ անեն, ընտրություններում իրենց մենակ թողնել հանրության հետ պետք չէ, այո, մասնակցելու ենք, և հաղթելու ենք, պայքարելու ենք, և հաղթելու ենք»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը: