414 դիտում, 2021.01.28 09:20

Հեռանա՞լ, թե՞ հեռացվել. արտահերթ ընտրությունների քննարկումը Փաշինյանի փրկօղակ. «Անկեղծ ասած» Գեղամ Մանուկյանի հետ

Օրերս խորհրդարանի դահլիճում պատգամավոր Արման Աբովյանի մի ռեպլիկ թերեւս նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարության ստորագրումից հետո իշխանության, իշխանական պատգամավորների ու վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի երկու ամսվա ընթացքում պահվածքի, հայտարարությունների, բառապաշարի ու հրապարակ նետվող կարծիքների փոփոխությունն է արտահայտում: Պագամավորը, դիմելով իմ քայլականներին, ասաց բառացի՝ «յա էս ձեններդ դու՞րս է գալիս արդեն»: Ասաց, քանի որ տեսել էր դատարկ խորհրդարանը նոյեմբերի 9-ից հետո, փախած իշխանական պատգամավորներին, կողպված դռները, լրագրողներից վախեցող իմ քայլականներին: Շաբաթներ շարունակ չկար նրանց ծպտունը: Մինչեւ իրենց առաջնորդի օրեցօր փոխվող շեշտադրումներին զուգահեռ սկսեցին հայտնվել Ազգային Ժողովում, մասնակցել նիստերին, դեռ ավելին՝ մեկը մուննաթ է գալիս, թե ինչու պետք է երկու կաթողիկոս լինի, որ դեռ վարչապետի հրաժարական պահանջի, մեկը, մի երկու տարի առաջ երաժշտության ու կինոյի ոլորտում աշխատածը՝ իրենց հեռանալն իշխանությունից համարում է՝ պետականության փլուզում ու երկրի քանդվել, մեկ ուրիշը դուրս տալիս այնպիսի անհասկանալի բառերի կույտ, որ մի քանի օր գլուխ չեն հանում ասածներից:

Իհարկե կան առանձնաշնորհյալները, որոնց համար ամեն դեպքում Փաշինյանն ապահովում է փախուստի ճանապարհը, բայց որ դատարկաձեռն չգնան, հանձնում է դեսպանի մանդատ: Մյուսները՝ կմնան փլատակների տակ: Հիմա իշխանականների պաշտպանիչ վահանը դարձել է արտահերթ ընտրությունների կազմակերպման կոչը: Բոլորը սկսել են այլեւս այդ մասին խոսել, արդարանալ, թե իրենց հեռացնելու պահանջով հանդես եկողները թող իջնեն քաղաքական պայքարի մրցագորգ, ու թող ժողովուդը կատարի ընտրություն: Իշխանությունը, իր վախվորած առաջին շաբաթներից հետո, երբ անգամ Փաշինյանը չէր համարձակվում բունկերներից դուրս գալ, ընդ որում մեկ բունկեր չէր. տարբեր տեղեր տեղափոխվելով, անկանոն ուղիղ եթերներով փորձում էր արդարանալ, իր պարտության համար մեղավորներ նշանակել, փորձում էր անհաջող գործածության մեջ վերադարձնել կուլակաթափության արդեն մաշված ու արդյունք չտվող գործիքը, հիմա արդեն այլ գործելաոճ են որդեգրել: Իրականում իշխանական աթոռներին նստածները, Փաշինյանի գլխավորությամբ, վախվորած, ամեն մեկը մի անկյունում կուչ եկած վիճակից դուրս գալիս՝ փորձեցին հրաժարականի, հեռացման, պատասխանատվության հարցը սահուն կերպով տեղափոխել այլ դաշտ, վերաձեւել այլ օրակարգի: Փորձեցին նախ քաղաքական ուժերին ներքաշել արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտության մասին քննարկումներ կազմակերպելու անիմաստ, մաշեցնող մի բանակցային պրոցեսի մեջ: Քաղաքական ուժերի, գործող ուժերի մեծ մասը կտրուկ ասաց՝ ոչ, մատնացույց անելով, որ հարցը նոր խորհրդարանի ձեւավորումը չէ, նոր պատգամավորներին նախկիններով փոխելը չէ:

Հարցը պատերազմի, դրա անփառունակ ավարտի, կապիտուլիացիայի, նոեմբերի 9-ին գաղտագողի խայտառակ փաստաթուղթը ստորագրելու համար հաշիվ տալու, անցնող երկուսուկես տարվա իշխանական ուղղակի ավերիչ քաղաքական գործունեության համար քաղաքական պատասխանատվության ենթարկելն է, որն էլ ամփոփվում է մեկ գործողությամբ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով: Իշխանությունն ամեն պահ փորձում է լղոզել հրաժարականի թեման, հանրային, քաղաքական, համահայկական պահանջը եւ այդ ամենը տեղափոխել ինչ-որ քաղաքակիրթ ընտրական պայքա: Հիմա էլ փորձում են արտահերթ ընտրություններն իրենց գլխավորությամբ իրականացնելու առաջարկը հիմնավորել իբր 2018-ին տեղի ունեցած ընտրությունների աննախադեպ արդար լինելու հանգամանքով: Սակայն այս խաղում ամեն ինչ անում են փոխելու, ձեւախեղելու բուն պայքարի օրակարգը:

Նոյեմբերի 10-ից փողոց ելած, բողոքի ձայն բարձրացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության նախագահը, Կաթողիկոսները, Գիտությունների Ազգային Ակադեմիան, Երեւանի և Շիրակի պետական համալսարանների գիտխորհուրդները, բազմաթիվ ուսումնական հաստատություններ, հարյուրավոր, հազարավոր մտավորականներ, արվեստագետներ, բժիշկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, Սփյուռքի քաղաքական, բարեգործական, հասարակակական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ իրենց հրապարակային հայտարարույթուններով, պաշտոնական կոչերով ու փաստաթղթերով ոչ թե կոչ են արել ինչ որ անհասկանալի, անբովանդակա նոր ընտրույթուններ կազմակերպել, այլ մեկ գոծողույթուն են արձանագրել՝ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականի պահանջ:

Նոյեմբերի 10-ից ասվել ու ասվում է, որ Նիկոլ Փաշինյանըպետք է հրաժարական տա, քանզի ինքն է ղեկավարել երկիրը, կառավարությունը, հոխորտացել, թե գերագույն հրամանատարն է ու արդյունքում՝ պարտվել ենք պատերազմում, ունեցել հազարավոր զոհեր, վարել խայտառակ բանակցություններ, խախտել երկրի Սահմանադրությունը, օրենքներն ու գաղտագողի ստորագրել խայտառակ հայտաարություն, ինչ որ բանավոր, ոչինչ չամրագրած համաձայնութոյւններ  կնքել Ալիեւի ու թերեւս Պուտինի հետ, որի հետեւանքով մեր զինված ուժերը նահանջել են իրենց զբաղեցրած բավականին շահեկան դիրքերից երկրի հարավում՝ Սյունիքում ու Գեղարքունիքում ու նման բազում փաստեր:

Հենց նոյեմբեր 10-ից պահանջը եղել է սա՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իր կառավարության հետ, ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որը կհանդարտեցնի վիճակը երկրում, կկարողանա սպիտակ էջից վերսկսել բանակցությունները, առնվազն չի ունենա փաշինյանական այն պարտված, ծնկած ղեկավարի հոգեվիճակը, որին ականատես եղանք հունվարի 11-ին Մոսկվայում: Երբ ֆեյսբուքում, Երեւանում, իշխանական առանձնատնից հոխորտում էր, թե առանց գերիների հարցի, այլ փաստաթուղթ չի ստորագրի, բայց Մոսկվայում լավ էլ զիջեց, ու ձեռնունայն Երեւան վերադառնալուց հետո, փորձեց շարունակել իր արտահերթ ընտրություններ կազմակերպելու խաղը: Փաշինյանն արդարանում է, թե ազնիվ ընտրություններ կկազմակերպի, թող ժողովուրդը որոշի՝ ում ընտրել: Բայց այս տեղապտույտում նա շրջանցում է կարեւորագույն հարցը, որ խնդիրն անգամ իշխանության համար պայքարը չէ, իշխանափոխության հարցը չէ, աթոռակռիվ չէ: Խնդիրը 2020 թվականին տեղի ունեցած 44 օրյա պատերազմի համար քաղաքական պատասխանատվության հարցն է, այդ 44 օրվան նախորդող քաղաքականության, սեպտեմբերի 27-ին պատերազմի հանգեցրած գործունեության, քաղաքականության համար պատասխանատվության հարցն է: Անգամ կարեւոր չէ, թե եթե անգամ ընտրություններ կայանան, ով քանի ձայն կստանա, ով կլինի հաջորդ իշխանությունը, կարեւորը՝ 2020 թվականի 44  օրյա պատերազմի համար քաղաքական պատասխանատվության հարցն է, որին միայն կարող է հաջորդել նոր իշխանության ձեւավորումը: Քանզի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը չի կարելի դարձնել ով որքան մեծավոր է, ով քանի հոգանոց ջոկատ հանեց, ով Շուշիի տակից, իր կուսակցական ջոկատով փախավ, ով նիվան տեղ հասցրեց կամ չհասցրեց, հիմարագույն թեզերի քննարկմանը, որի լավագույն մասնագետը շարունակում է մնալ պոպուլիստ, բայց պատերազմը պարտության հասցրած Նիկոլ Փաշինյանը: Նա հիմա շարունակում է ճիգեր անել, սեփական մեղքը մաքրելու, պատասխանատվությունից ազատվելու, պիտակներից մաքրվելու, իր կործանիչ արաքները մոռացության տալն ապահովելու, թեկուզ ընտրական պարտության գնով պատմության դատաստանի առաջ չկանգնելու համար կրել քաղաքական պարտություն, բայց նոր ընտրություններում: Ակնհայտ է, արտահեր ընտրություններ կազմակերպելու կոչ-խաղը լոկ Փաշինյանին փրկելու համար է:

Բայց պետք է հիշել 2020 թվականի նոյեմբերի 10-ը՝ Ազատության հրապարակ, հակառակ ոստիկանական բռնությունների ու պատնեշների ներխուժած քաղաքացիներն ինչ էին վանկարկում՝ «Առանց Նիկոլ Հայաստան, Նիկոլ Դավաճան»:

Սա է եղել Հայաստանում եւ հայության շրջանակներում քաղաքական պայքարի կարգախոսը: Միայն: Ու անկեղծ ասած՝ այս համահայկական կոնսենսուս կարմիր գծերից դուրս ելնողը, թե Նիկոլը սխալ է, բայց կարծում եմ, որ կարելի է... բնույթի նախընտրական բանավեճերի մեջ մտնողները վաղը դառնալու են այս պարտության, պարտության հետեւանքների շարունակման մեղսակիցը, գործիքը: