412 դիտում, 2021.01.27 15:17

Շտկելով նախորդ անարդարությունը` չի կարելի նոր անարդարություններ անել. ՀՌՀ նախագահն անդրադարձել է «Ա1+»-ի հեռարձակման հարցին

Շտկելով նախորդ անարդարությունը` չի կարելի նոր անարդարություններ անել. ՀՌՀ նախագահն անդրադարձել է «Ա1+»-ի հեռարձակման հարցին

«Հանրապետական ծածկույթի համար «Ա1+»-ի ծրագիրը թույլ էր, բոլոր մեր եզրակացությունները, գնահատման ցուցանիշները բաց են բոլորի համար, և մի շարք հասարակական կազմակերպություններ ցանկություն են հայտնել աուդիտ անցկացնել: Մենք կոչ ենք անում բոլորին գալ և գնահատել, թե ինչքան էր օբյեկտիվ եղել մեր հանձնաժողովը»,- մամուլի ասուլիսում ասաց Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: 

Նրա խոսքով՝ նոր մրցույթը կայացել է ըստ նոր օրենքի, որտեղ գնահատման չափորոշիչները շատ ավելի հստակ են եւ նվազեցնում են հանձնաժողովի անդամների սուբյեկտիվությունը: «Որեւէ ճնշում, իսկ ճնշումները լինում են ոչ միայն իշխանությունից, այլեւ տարբեր շահագրգիռ կողմերից, քաղաքական ուժերից, հանրային սեկտորից, ֆինանսատնտեսական խմբավորումներից, այս անգամ չի եղել: Բնական է, ցանկացած ոք, քաղաքական ուժ, ինստիտուտ կարող է ներկայացնել իր պատկերացումները կամ իր ցանկությունները, սակայն որեւէ այդպիսի պարտադրանք կամ լոբբինգ մենք չենք տեսել եւ դա եւս շատ կարեւոր առաջխաղացում է, եթե համեմատենք նախորդ մրցույթների հետ»:

Պատասխանելով «Ա1+»-ի վերաբերյալ այն հարցին, որ հեռուստաընկերությունը 20 տարի առաջ փակվեց եւ «Ա1+»-ը կրկին եթեր չի ստանում, արդյոք որեւէ ճնշո՞ւմ է եղել, Տիգրան Հակոբյանն ասաց. «Ուզում եմ բոլորս հասկանանք, որ եթե անցկացվում է մրցույթ, եւ մրցույթի մասնակիցներն ավելի շատ են, քան, օրինակ այն փքաբլիթը, որի համար պայքարում են, լինում են պարտվողներ եւ հաղթողներ: Ես մի քանի անգամ ասել եմ, որ կիսելով հանրության մեծամասնության այն կարծիքը, որ «Ա1+»-ը ժամանակին լինելով որակյալ, անկախ, բազմազան հեռուստաընկերություն` ոչ արդար կերպով զրկվել է լիցենզիայից: Ղեկավարի ելույթներում հնչում էր այդ միտքը, որ հաշվի առնելով անցյալը, այսօր կարելի է քաղաքական որոշում ընդունել եւ հաշվի առնելով այն անարդարությունները` տրամադրել այդ սլոթը «Ա1+»-ին, ինչը որպես փիլիսոփայություն եւ որպես մոտեցում մեզ համար մերժելի է: Ես քանիցս կրկնել եմ, որ շտկելով նախորդ անարդարությունը` չի կարելի նոր անարդարություններ անել: Իսկ հանրապետական ծածկույթի համար «Ա1+»-ի ծրագիրը թույլ էր»: