364 դիտում, 2021.01.27 13:15

Դատարանը բավարարել է Լոռու նախկին մարզպետի հրամանի դեմ հայցը

Դատարանը բավարարել է Լոռու նախկին մարզպետի հրամանի դեմ հայցը

Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, դատարանի որոշմամբ, վերականգնվել է նախկին աշխատանքում: 

Լոռու նախկին իմքայլական մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրամանը Հասմիկ Մկրտչյանը վիճարկել էր դատարանում: Նա դիմել էր վարչական դատարան՝ մարզպետի՝ 30.01.2020թ. ընդունված թիվ 77 հրամանն անվավեր ճանաչելու, իր նախկին պաշտոնում, այն է՝ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետի պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագաձելու պահանջով:

Վարչական դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, հայցը բավարարել է, անվավեր ճանաչել հրամանը՝ Հասմիկ Մկրտչյանին վերականգնելով նախկին պաշտոնում: Դատարանը որոշել է նաեւ Լոռու մարզպետարանից, հօգուտ հայցվոր Հասմիկ Մկրտչյանի, բռնագանձել հայցվորի միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

Լրագրողների հետ զրույցում մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետ Արտաշես Ադլոյանն ասաց՝ դատարանի վճիռը չի բողոքարկվել, այն մտել է օրինական ուժի մեջ, եւ Հասմիկ Մկրտչյանը վերականգնվել է իր աշխատանքում: Ըստ օրենքի՝ նրան կվճարվի պարապուրդի միջին աշխատավարձը: Հասմիկ Մկրտչյանի ազատվելուց հետո մարզպետարանը բաժնի պետի մրցույթ էր հայտարարել: Բաժնի պետ էր նշանակվել Հերմինե Գասպարյանը: Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռից հետո Հերմինե Գասպարյանը ազատվել է պաշտոնից: