կարևոր
367 դիտում, 2 ամիս առաջ --> 2021-01-27 10:00

Փաշինյանական առեւանգված հաղթական տոների հետհաշվարկը սկսվեց Քարինտակով. «Անկեղծ ասած» Գեղամ Մանուկյանի հետ

Ամեն տարի հունվարի 26-ին մեր հեռուստաընկերության ավանդական նյութերից մեկը եղել է Քարինտակի հերոսամարտի մասին ռեպորտաժը: Այսօր մեր արխիվն էի քրքրում, մեր հեռուստատեսությունուվ անցած բազում լրագրողներ են այդ թեմային անդրադարձել: Պատրաստվել են ֆիլմեր: Իմ գործընկեր Էդգար Բաղդասարյանն էլ 2016-ին ապրիլյան պատերազմից հետո, մայիսյան տոնական մեր եթերի համար հատուկ էր այցելել Քարինտակ՝ մեր հեռուստադիտողին ներկայացնելու այն հերոսականությունը, որ կար դեռ ադրբեջանցիների ձեռքում գտնվող Շուշիի տակ ծվարակ, բայց երբեք կուչ չեկած Քարինտակում: Գյուղ, որի մատույցներում 1992 թվականի հունվարին մղած մարտը կարեւոր շրջադարձ դարձավ Արցախյան պայքարում: Լուսահոգի Վահան Հովհաննիսյանը դեռ 90-ականների կեսերին ՙԵրկիր՚ օրաթերում մի հրապարկում ուներ, ուր կարծիք էր հայտնել, որ Քարինտակի հերոսամարտը դարձավ Արցախյան պատերազմում բեկումնային, շրջադարձային, որին հաջորդեցին արդեն Խոջալույի, Ղարադաղլույի, այլ գյուղերի, ապա նաեւ՝ Շուշիի ազատագրումները: Իսկ շատերն այս օրը Եռաբլուր այցելելիս գնում էին՝ Կարենի, Նորայրի, Անուշավանի, հետո նրանց միացած Սաքոյի շիրիմներին,  գլուխ խոնարհում, ու շշնջում, որ իրենց, մյուս քարինտակցիների, գյուղի հրամանատար, 1991-ից Արցախի առաջին Գերագույն խորհրդի պատգամավոր, Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վաղարշակ Առուշանյանի նահատակությունն արժեորվել է պաշտպանված գյուղի կյանքով, երբ Քարինտակը չընկրկեց, ապա նաեւ դարձավ իր գլխավերեւում թիկնած երբեմնի մահաբեր Շուշիի ազատագրման վկան:

Այսօր, սակայն, Եռաբլուր հերոսներին այցելողներն այլ հոգեվիճակ ունեին: Այդ նույն տղերքի առաջ մեղքի զգացումով էին նրանք եկել, ավելի ճիշտ՝ ոչ իրենց մեղքով, բայց գլխիկոր էին եկել: Իսկ բոլորս, այն հազարավորները, որոնք ամեն տարի հունվարի 26-ին, նշում էին Քարինտակի հաղթանակի տոնը, այսօր պարտված ենք, այսօր զգում ենք մեզնից խլած պատմական օրով հայորդիներ: Քանզի Քարինտակը չկա, Քարինտակի հերոսական բնակչությունը լքեց գյուղը, ավիրվեց գյուղը: Մաքառելով, պայքարով գյուղը կորսվեց: Այս անգամ էլ նահատակվեց 92-ի հրամանատար Վաղարշակ Առուշանյանի որդին, ազգականներ, զարմիկ, բայց Քարինտակը չդիմացավ այս անգամ՝ մասնիկը դառնալով այն մեծ պարտության, որի պատասխանն են պահանջում այս ամենի հեղինակից:

Չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանը քանի անգամ է նախկինում լսել Քարինտակի ու հերոսամարտի մասին, չգիտեմ, թե իր թերթում նախկինում քանի հոդված է նվիրել Քարինտակի հերոսներին ու հերոսամարտին, դժվար թե շատ, կամ չի բացառվում ոչ մի հատ, սակայն այսօր իր շուրջ երեքամյա կառավարման արդյունքում մեզնից խլեց Քարինտակի հաղթանակը: Մեզնից խլեց այդ տոնը, քարինտակցուն դարձրեց գաղթական, 1989-92 թվականներին իրենց գլխավերեւի ժայռերից թափվող թշնամու գնդակից, այրվող անվադողերից պաշտպանվելու համար, գիշերը ցերեկ, ցերեկը գիշեր դարձրած ու շենը չլքած մեր հայրենակիցներին դարձրեց անտուն:

Այսօր սկսվեց մեր ժողովրդի հաղթական տոնացույցի հետհաշվարկը: Այսօր չնշվեց Քարինտակի հաղթանակը, երկու օր հետո տոնական միջոցառումներ չեն լինի, չի նշվելու մեր ժողովրդի մեծագույն հպարտության՝ Հայոց Զինված ուժերի կազմավորման օրը: Հետո արդեն փետրվարին անշուք, թեւաթափ է լինելու Արցախյան շարժման, համահայկական Միացման  մեկնարկի 32-ամյակը:  Այնուհետ գալու է առավել ահավորը՝ մենք կորցրել ենք, մեզանից գողացել են, այսօրվա իշխանության, այդ իշխանության գլխին նստած, վարչապետի աթոռը պահող Նիկոլ Փաշինյանի գործունեության, քայլերի, արարքների, երկրի անվտանգության, միասնականության, հասարակական համերաշխության քայքայման, ձախողած դիվանագիտության ու հազար ու մի տեսակ պատճառներով մեր օրացույցից վերացավ մայիսի 9-ը՝ Շուշիի հերոսական, հաղթական ազատագրման օրը: Եռատոնը, ինչպես ավանդաբար ասվում էր: 

Սա ոչ միայն տոնական օրերի հետհաշվարկ է, այլեւ՝ հայությանը չդադարող հարվածների տակ թողնել, որը ժողովրդին դարձնում է ապա•այի նկատմամբ թերահավատ, սեփական ուժերին չվսհատող, կասկածամիտ, ներքին թշնամի մշտապես փնտրող, ինքնաքննադատ ու ինքնադատափետող, անկազմակերպ, անմիաբան, սեփական ապագան օտար ափերում կառուցել ծրագրող, թերահավատ մի հավաքականություն: Արդյունքը՝ պետականության վտանգված ապագա:

Փաշինյանական կառավարումն ու վարչախումբը մեր ժողովրդին զրկեցին տոներից, արդեն եղածն էլ արդեն յուրովի էին կազմակերպում՝ առանց ազգայինի, ոգեղենի, հիմա այլեւս դրանք էլ չկան: Մնաց միայն այս իշխանության բերած, օդից իջած, ագահի պես խորոված սարքելու ու խժռելու արարողություն դարձած քաղաքացու օրը: Անբովանդակ, անմիաբան, ոչինչ չասող, դատարկ: Բայց այս ամենից հետո էլ, հազարավոր զոհերի, հազարավոր մարած օջախների, բազում գերեվարվածների, անհետ կորածների պայմաններում ո±ր քաղաքացու մասին է արդեն խոսելու Փաշինյանը, որ մի պաշտպանված, ապահով, անկախ քաղաքացու մասին է խոսելու: Անգամ իրենց ներդրած տոնը փչացրին, թեեւ այսքան աներեսությունից, ինքնաարդարացումների փորձերից հետո ցանկանան, դա միայն կնշեն:

Ի դեպ, Հերոսական Քարինտակի անկման մասին պաշտոնական որեւէ տեղեկատվություն այդ օրերին այդպես էլ չեղավ: Որեւէ կերպ չասվեց, որ 1992 թվականի հունվարի 26-ին թշնամուն ջարդած Քարինտակը 2020 թվականի նոյեմբերի 5-ին տրվեց թշնամուն: Միակ արձագանքը Արծրուն Հովհաննիսյանի գրությունն էր ֆեյսբուքյան էջում՝ «Քարինտակցիք կրկին ապացուցեցին, որ հերոսներ են. Հայոց պատմության նոր Զեյթունցիներն են: Մենք ձեր նմանների շնորհիվ հաղթելու ենք»: Սա նա գրել էր նոյեմբերի 6-ին: Բայց նոյեմբերի 5-ին արդեն Քարինտակը թուրքերի ձեռքում էր: Անգամ դա չասացին: Հաղթանակն էլ խլեցին:

Բայց անկեղծ ասած՝ այս մեծագույն գողությունից, մեր հպարտության, արժանապատվության, համահայկական միասնականության խորհրդանիշ դարձած  հաղթանակների արդյունքների առեւանգումից հետո, երբեմն զարմանում ես, թե ինքնասիրությունն ու դրա արդյունքում՝ պատասխան տալու նշույլներն ինչպե՞ս կարող են բացակայել այդ իշխանավորների մոտ: Բայց այդպես է, նրանք դեռ հոխորտում են, մատ են թափ տալիս, փորձում են երկարացնել իրենց պաշտոնավարումը, հազար ու մի տեսակ անազնվություններ, անօրինականություններ են մտմտում:

Վստահ եմ՝ չեն հաջողի, թույլ չենք տա՝ հանուն մեր երկրի ու պետականության: Հանուն Քարինտակի 92-ի նահատակների, Շուշին ազատագրողներ, 2020-ի զոհերի: