1314 դիտում, 2021.01.26 20:36

Զինվորականներին զենք իբր չտրամադրելու ու պահեստները փակելու մասին Փաշինյանի հայտարարությունն առայժմ փաստական հաստատում չի գտել

Զինվորականներին զենք իբր չտրամադրելու ու պահեստները փակելու մասին Փաշինյանի հայտարարությունն առայժմ փաստական հաստատում չի գտել

Դեռ դեկտեմբերին Փաշինյանի կողմից ենթադրյալ հանցագործության մասին հայտարարության արդյունքներով առայժմ քրեական գործ չի հարուցված։ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությամբ հայտարարել էր, թե պատերազմի ժամանակ զենքի պահեստից զինվորականներին չեն թողել զենք ստանալ։ «Պատմում են մի այսպիսի դրվագ, թե ինչպես ջոկատը կամ միավորումը գնացել և փորձել է սպառված զենք-զինամթերքը համալրել։ Եվ տալիս են կոնկրետ անձի անուն, ով իրենց հրաժարվել է զենք տալ, և իրենք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստի դռները զինվելու համար՝ տեսնելով, որ այդ պահեստն ամբողջությամբ լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով և զինամթերքով: Սա, եթե հաստատվի, պարտության պատճառների դրվագներից մեկն է: Մենք պետք է հասկանանք, թե ինչո՞ւ է այսպես տեղի ունեցել: Ես կարող եմ վստահ լինել մի բանում, որ, առաջինը, նախ այդ վկայությունն այն մասին է, որ այդ պահեստը լեփ-լեցուն է եղել անհրաժեշտ զինամթերքով, և կոնկրետ անձ կողպել է պահեստի դռները նրանց առաջ և հրաժարվել զենք տրամադրել: Այս դրվագը պետք է պարզաբանվի»,- հայտարարել է Փաշինյանը։

Այս հայտարարության իրավական ընթացքի մասին մեր հարցմանն ի պատասխան դատախազությունից հայտնել են, որ «Փաշինյանի հարցազրույցի հատվածը դատախազության կողմից ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու»:

Նիկոլ Փաշինյանը պատերազմի պարտության պատճառներից մեկը համարել էր հենց այս դրվագը, հավելելով, որ այդ մասին իրեն ասել են կառավարությունում հանդիմանը մասնակից կամավորներից մեկը։

Քննչական կոմիտեից էլ ի պատասխան մեր հարցմանը նշեցին, որ դատախազությունից դեռ գործը չեն ստացել: Հետեւաբար ստացվում է, որ գործը՝ այսպես ասենք, ճանապարհին կորել է:

Հատկանշական է, որ ռազմական ծանր հանցագործության մասին Փաշինյանը հայտնել է դեռ դեկտեմբերի 27-ին, բայց արդեն մեկ ամիս է անցել, սակայն իրավապահները նման դեպք չեն հայտնաբերվել։

Պատերազմի ընթացքում ու դրանից հետո Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ, առանց փաստական հիմքերի հայտարարել է դավաճանության, սաբոտաժի մասին, անգամ նշել, որ դիրքերը թողնելու կազմակերպված գործողություններ են եղել, սակայն հետագայում դրանք չեն ապացուցվել։