378 դիտում, 2021.01.26 18:44

Արցախի բուժհիմնարկներում առկա է կադրային ռեսուրսի պակաս․ ԱՀ ԱՆ և բիժշկ-փորձագետների հայտարարությունը

Արցախի բուժհիմնարկներում առկա է կադրային ռեսուրսի պակաս․ ԱՀ ԱՆ և բիժշկ-փորձագետների հայտարարությունը

2021 թ. հունվարի 22-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրավերով եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունից Արցախ էին ժամանել մի խումբ բժիշկ-փորձագետներ, ովքեր այցելել են Ստեփանակերտ քաղաքում և Ասկերանի ու Մարտունու շրջաններում տեղակայված բուժհիմնարկներ, հանդիպել առողջապահության նախարարության և բուժհիմնարկների պատասխանատու անձնակազմի հետ, կատարել ուսումնասիրություններ, գնահատումներ և վերլուծություններ:

Եռօրյա այցի արդյունքներով ԱՀ առողջապահության նախարարությունը (այսուհետ՝ նաև նախարարություն) և բժիշկ-փորձագետները հանդես են գալիս հետևյալ համատեղ հայտարարությամբ.

«Արցախի Հանրապետության առողջապահական համակարգը ունակ է կազմակերպելու բնակչության բժշկական սպասարկումը, սակայն առկա կադրային ու նյութատեխնիկական հնարավորությունները բավարար չեն պատշաճ որակ և արդյունավետություն, ինչպես նաև ինքնաբավության բավարար չափ ապահովելու համար:

Արցախի առողջապահական համակարգը ունի ֆինանսատնտեսական գործունեության մեթոդների ու եղանակների վերանայման, նյութատեխնիկական հնարավորությունների ճիշտ վերաբաշխման և բուժհիմնարկների զինման ու արդիականացման կարիք, որի հիմքում պետք է դրվեն փորձագիտական հետազոտությունների արդյունքներով ընդունված եզրակացությունները:

Արցախի բուժհիմնարկներում առկա է կադրային ռեսուրսի պակաս, որը լրացնելու համար հարկ է կիրառել ինչպես հերթափոխով մասնագետների ներգրավմամբ, այնպես էլ նոր մասնագետների խրախուսմամբ, հեռահար բժշկության ներդրմամբ, առկա կադրերի վերապատրաստմամբ ու որակավորմամբ բացը լրացնելու եղանակները:

Արցախի բուժհիմնարկներում առկա նյութատեխնիկական միջոցները վերազինելու և նորագույն սարքավորումներով համալրելու համար անհրաժեշտ է ներգրավել ինչպես նախարարության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների և անհատների հնարավորությունները՝ այդ գործընթացում ապահովելով առավելագույն թափանցիկություն և հանրային հաշվետվողականություն:

Սույն հայտարարությանը միացած բժիշկ-փորձագետները հավանություն են տալիս ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու գաղափարին՝ վերահաստատելով խորհրդում ընդգրկվելու ցանկությունն ու պատրաստակամությունը:
Հայտարարության բոլոր մասնակիցները միաձայն ընդունեցին, որ Արցախի առողջապահական համակարգի հետագա զարգացման համար հիմնարար նշանակություն ունի ՀՀ բժշկական ասոցիացիաների հետ համագործակցությունը, որը պետք է դիտարկվի որպես Նախարարության հետագա գործունեության ռազմավարական ուղղություն:

Հայտարարությանը միացած բժիշկ-փորձագետները պարտավորվում են մեկշաբաթյա ժամկետում Նախարարություն ներկայացնել կատարված ուսումնասիրությունների և դրանց հիման վրա կատարված վերլուծության և գնահատման արդյունքներն ամփոփող եզրակացություն՝ դրա հիման վրա Նախարարության կողմից համակարգի զարգացման կարճաժամկետ քաղաքականությունը մշակելու համար:

  • . Միքայել Հայրիյան, ԱՀ առողջապահության նախարար,
  •  Արամայիս Գալումյան, փորձագիտական խմբի պատասխանատու, «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոնի ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության ղեկավար,
  • Կոստան Գալումյան, ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու, «Նաիրի» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի ծառայության ղեկավար,
  • Նարեկ Մատինյան, «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի ՄՌՏ ծառայության ղեկավար, ռադիոլոգների հայկական ասոցիացիայի քարտուղար,
  • Արմենակ Բդոյան, վնասվածքաբան-օրթոպեդ, «Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի» վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ,
  • Գևորգ Ոսկանյան, «Աստղիկ» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ,
  • Ահարոն Բարսեղյան, «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոնի ֆինանսիստ, առողջապահական տնտեսագետ,
  • Կարեն Գրիգորյան, ռազմական բժիշկ-կազմակերպիչ, վիրաբույժ,
  • Կարեն Մխիթարյան, ՄՌՏ-ի կիրառական ինժեներ»: