04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Մոսկվան ու Թեհրանը շահագրգռված են խորացնել երկխոսությունը տարածաշրջանային մի շարք հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ: Ռուսաստանի արտգործնախարարն է հայտարարել Իրանի իր պաշտոնակցի՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը:
Սերգեյ Լավրովը նորից խոսել է այս տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերն ապաշրջափակելու անհրաժեշտության մասին: Դա, նրա համոզմամբ, թույլ կտա վերջնականապես լուծել ղարաբաղյան հիմնախնդրի մնացած քաղաքական ասպեկտները արդար հիմունքով՝ ի շահ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների ու նրանց բոլոր հարեւանների:
Զարիֆն էլ ասել է՝ շատ ուրախ են, որ Մոսկվայի ջանքերով գտնվեց մի լուծում, որը շատ նման է Թեհրանի առաջարկածին: Իրանի արտգործնախարարի խոսքով՝ այսօր պայմաններ են ստեղծվել Ղարաբաղի բարգավաճման, երկրների համագործակցության եւ փոխգործակցության, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային նախագծերի իրականացման համար:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ Զարիֆը Բաքվում էր: Ալիեւի հետ հանդիպմանը նա շնորհավորել էր Ադրբեջանին, իր ձեւակերպմամբ, «տարածքների ազատագրման կապակցությամբ» եւ նշել, որ Թեհրանը պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների վերականգման հարցում:
Ադրբեջանից ու Ռուսաստանից հետո Զարիֆը կայցելի Հայաստան, ապա նաեւ Վրաստան ու Թուրքիա: