338 դիտում, 2021.01.26 17:20

ԵՊՀ-ում ուսումնառության առկա կամ հեռակա ձևը կորոշեն ֆակուլտետները

ԵՊՀ-ում ուսումնառության առկա կամ հեռակա ձևը կորոշեն ֆակուլտետները

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում Գևորգյանը տեղեկացրել է, որ նախարարությունից երեկ ստացվել է գրություն, ըստ որի՝ երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացն անհրաժեշտ է կազմակերպել առկա ուսուցմամբ: Նշված է նաև, որ ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար: 

Հանդիպմանը ներկա ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է սակայն, որ գրությունն ուղարկվել է՝ ելնելով կանոնակարգային նորմերից, բայց համալսարաններն ազատ են՝ հարցը որոշելու բուհական ինքնավարության շրջանակում:

Նախարարի հեռանալուց հետո, Գեղամ Գևորգյանն առաջարկեց առաջին կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի վերաբերյալ հրապարակված հրամանը համարել ուժի մեջ, ըստ որի՝ ուսումնական գործընթացը կարող է կազմակերպվել առկա և հեռավար ձևերի համադրությամբ:

Հրամանի համաձայն՝ յուրաքանչյուր ուսանողի համար առկա դասաժամերը կարող են կազմակերպվել շաբաթական առավելագույնը երկու օր, օրական առավելագույնը 3 ժամ, իսկ մեկ լսարանում ուսանողների թիվը չպետք է գերազանցի 30-ը: Բացի դրանից՝ սահմանվում է, որ մեկ ուսումնական մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը:

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն էլ ներկայացրեց կառույցի կողմից անցկացված առցանց հարցման արդյունքները, որին մասնակցել է 3800 ուսանող: Ըստ պատասխանների՝ նրանցից 58 տոկոսը կողմ է եղել, որ դասերն անցկացվեն առկա ձևով: 

Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ կան ֆակուլտետներ, որոնք ցանկանում են դասերն ամբողջովին իրականացնել հեռավար, ֆակուլտետներ էլ կան, որ գործնական պարապմունքները ցանկանում են անցկացնել առկա, իսկ հոսքային դասախոսությունները՝ հեռավար: Ըստ այդմ՝ որոշվեց, որ ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը կորոշեն ֆակուլտետներում: