390 դիտում, 2021.01.26 10:15

Ազատագրված Արցա՞խ, թե՞ փաշինյանական իշխանության «բնագծերով սահմանազատված տարածքներ». «Անկեղծ ասած» Գեղամ Մանուկյանի հետ

Այսօր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ ծավալուն հարցազրույց է տվել Մեդիամաքս լրատվական գործակալությանը: Բազում հարցերի դեռ պատասխանելու առիթ չի ունեցել, որոնք նրան կարող էին հղվել: Բայց նույնիսկ այս հարցազրույցը տարատեսակ մեկնաբանությունների թեմա է դարձել: Թե երբեմնի իշխանական քարոզչության հերոս, անհաղթ ներկայացվող Դավիթ Տոնոյանը վերջին իշխանական գոտկատեղից ներքեւ հարձակումներից հետո ակնարկներ է անում Նիկոլ Փաշինյանին՝ սպառնալով բացել փակագծեր: Թե զգուշացնում է իրեն չմոտենալ ու չթիրախավորել բանակի երբեմնի խոշորագույն մատակարարի՝ Պատրոն Դավիթի գործողությունների հարցով հարուցված քրեական գործերի շրջանակում: Մեկ այլ կարծիքով, ու ոչ առանց հիմքի, Դավիթ Տոնոյանը կրկնում է իր երկուսուկես տարվա ղեկավարի՝ Փաշինյանի քայլերն ու բոլորին մեղադրում է, բացի իրենից: Այդպես Փաշինյանն էր նախկինում ամեն տեղ զինվորական համազգեստով իրեն հռչակում Գերագույն հրամանատար, հոխորտում այդ կարգավիճակով, սակայն, պարտությունից հետո հարցազրույցներում չքմեղանում է, թե ինքը հո մարտ չի վարել, որ սխալ է թույլ տվել: Հիմա Տոնոյանն է մեղադրում գլխավոր շտաբին, հրամանատարությանն ու արդարանում, թե իբր նոր սահմանադրությամբ պատերազմի ժամանակ լիազորություններ չի ունեցել: Այստեղ չեմ անդրադառնա այս հայտարարություններին, ինչպես նաեւ տավուշյան մարտական գործողություններից հետո նոր Սարդարապատի շոուն սարքելուն, որն արդեն սովորական էր դարձել իրենց գործելաոճում: Չեմ անդրադառնա, նախկին նախարարի էլի ոսկե սարեր խոստացող հայտարարություններին, թե  կորածանիչ ավիացիայի համալրումը չավարտեցին, երբ այդ ամենը սահմանափակվեց առանց հրթիռների ՍՈՒ-35 ինքնաթիռների ձեռք բերմամբ, ու զավեշտալին, պաշտոնական հայտարարությամբ, թե նրանք արդեն մարտական հերթապահություն են իրականացնում:

Այս ամենը մի կողմ եմ դնում 2018 թվականի մայիսից Հայաստանի պաշտպանության նախարարի, բանակաշինության, անվտանգության, մեր երկրի զարգացման գործում կարեւորագույն պաշտոնը զբաղեցնող անձի կողմից արված ուշագրավ մի հայտարարությանը: Խոսելով արդեն թշնամուն անցած տարածքների մասին՝ Տոնոյանն ուղղակի հայտարարում է՝ «Ո՞րն էր վերոհիշյալ բնագծերով սահմանազատված տարածքների պահպանման վերջնանպատակը, պատմական արդարության վերականգնո՞ւմը, արցախահայության եւ Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ եւ կայուն անվտանգության ապահովո՞ւմը, տնտեսական զարգացո՞ւմը, թե՞ Արցախի միջազգայնորեն ճանաչված  կարգավիճակի դիմաց տարածքների վերադարձման վերաբերյալ վարվող բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Վստահաբար՝ ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ էլ՝ երրորդը: Երկարաժամկետ եւ կայուն անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման հարցերն առկա աշխարհաքաղաքական պայմաններում եղած բնագծերով եւ հայեցակարգային պաշտպանական կեցվածքով չէին լուծվելու, ու բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի: Ուստի, 26 տարի վարվող պաշտպանական եւ արտաքին քաղաքականության շրջանակներում առկա սոցիալական եւ ժողովրդագրատնտեսական հնարավորությունների սահմաններում ոչ պատերազմական պայմաններում ապահովվել է չորրորդը՝ հայկական կողմի համար «շահեկան» կարգավորման գործընթացի շարունակականությունը»:

Դավիթ Տոնոյանը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենաբանալի անդամներից մեկն էր, այսպես է խոսում ազատագրված տարածքների մասին: Իր մոտեցմամբ, այդ բնագծեր ասածը՝ ասել է թե Քարվաճառը, Իշխանաձորը, Կովսականը լոկ բնագծեր էին ժամանակավոր կարգավիճակով, ուղղակի առեւտրի նյութ: Այդ ամենը պահել հետագայում իմաստ չուներ: Դա պետք է մի օր տրվեր, «հայկական կողմի համար «շահեկան» կարգավորման գործընթացի շարունակականությունը»: Սա կառավարության մոտեցումն է: Այլ հարց, որ անգամ դա ձախողեցին, դա տանուլ տվեցին: Ավելին, Շուշին ու Հադրութն էլ վրադիր տվեցին:

Բայց կրկին դառնալով Տոնոյանի ասած «բնագծերով սահմանազատված տարածքներին»: Այդ սահմանազատման աշխարհագրությունը մեր երկրի պաշտպանության եւ անվտանգության ամենակարեւոր պատասխանատուներից մեկի համար փաստացի անցնող տարիներին եղել է ոչինչ: Չի եղել մտածում Կովսականում արդեն 10 տարուց ավել ապրող իմ շատ լավ ընկեր Կարեն Մարտիրոսյանի մասին, օրինակ, որը երկար տանջանքներից հետո այս տարի նոր տան կառուցումը Կովսականում ավարտեց: Տոնոյանի համար Իշխանաձորում բնակչության կենտրոնացումը, բնակարանաշինությունը ոչի՞նչ էր: Սփյուռքահայերի ջանքերով Քարվաճառում Սիդնեյ թաղամասի կառուցո՞ւմը, Դադիվանքի շենացո՞ւմը: Սա է եղել այս տարիներին կառավարության պաշտոնական մոտեցումը, թե դրանք լոկ «բնագծերով սահմանազատված տարածքներ են», կամ ինչպես Տոնոյանի այս տարիների ղեկավար Փաշինյանն է մի ժամանակ գրել, թե դրանք դաշտավայր են, որից հետո է նոր Հայաստանը սկսվում: Հետեւաբար դաշտավայրին տիրանալն իմաստ չուներ, ու Աննա Հակոբյանն էլ դեռ երկու տարի առաջ էր ասում, որ տղաները զոհվեցին հանուն ոչնչի, հանուն այդ Փաշինյանի ասած՝ «դաշտավայրեր», Տոնոյանի հիմա նոր ձեւակերպված, ժամանակավոր «բնագծերով սահմանազատված տարածքների»:

Սա է եղել պետական, պաշտոնական մոտեցումը, որն էլ երկրի քաղաքական ղեկավարության հետագա գործունեությանն ու ավելրին է հանգեցրել: Այդ ամենը եղել է ժամանակավոր, անցողիկ, դրա պաշտպանությունն էլ ոչ հեռանկարային: Հերն էլ անիծած, որ Կովսականցի Կարենը հիմա տուն չունի, բայց տան շինարարության վարկի գումարները բանկն ուզում է: Իշխանաձորցին տունը կորցրել է: Եվ արդյունքում՝ երբ պաշտպանության նախարարը համոզված է, որ Վարանդա դարձած Ֆիզուլին, Մեխակավան դարձած Ջեբրայիլը առեւտրի նյութ էին, արդյունքում պետական գործչի մտահորիզոնը, ինչպես Փաշինյանի դեպքում եղավ, նեղանում է ու հասնում GPS համակարգով Շուռնուխըը կիսելը, թշնամուն Կապանի պռունկին նստեցնելը, միջպետական ճանապարհի կտորները թշնամուն տալը բնական երեւույթ դիտարկելուն: Այդ ամենը ժամանակավոր,  Տոնոյանի ձեւակերպմամբ «բնագծերով սահմանազատված տարածքներ» համարելու արդյունքում էլ Շուշին է դառնում ադրբեջանաբնակ, դե Քարինտակն ու Հադրութն էլ ինչ մի կարեւոր էին որ, ըստ այս իշխանության՝ վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանից մինչեւ ձեւն ու բովանդակությունը տեւական ժամանակ խառնած պաշտպանության երբեմնի նախարար Դավիթ Տոնոյանը, որ երկարաշունչ ողջ հարցազրույցում այդպես էլ Շուշի բառը չի գործածել:

Այդ հոգեբանությունն էր, որ հանգեցրեց այս մեծ կորստին, որի ցավն ապրում է զինվորը, նրա հրամանատարը, զոհվածի ծնողը, Մեխակավանում տարիներ առաջ ծառայությունն անցած մեր քաղաքացին, բայց ոչ ներկայիս քաղաքական ղեկավարությունը:

Ու անկեղծ ասած՝ դեռ որքան պետք է իրենց սխալ քաղաքականության հետեւանքով պարտության արհավիրքը ժողովրդի աչքին մեղմելու, իրենց հանցավորությունն արդարացնելու համար լսենք նիկոլական, տոնոյանական այս անտարմաբանական, պարտվողական, զիջողական, ուրացման, հայրենազրկումը հիմնավորող մտքի գոհարները: