950 դիտում, 2021.01.25 20:48

Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը համաժողովրդական է, որը պետք է դառնա օր առաջ այս չարիքի կառավարությունն իշխանությունից հեռացնելու պայքար

Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը համաժողովրդական է, որը պետք է դառնա օր առաջ այս չարիքի կառավարությունն իշխանությունից հեռացնելու պայքար

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանի պնդմամբ` Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնից հրաժարվելու համաժողովրդական պահանջ կա: «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ընդդիմությունը նոր արդյունավետ մարտավարությունն է քննարկում:

Օգտատերերից մեկը հարցրել է` շարունակելո՞ւ եք նույն ոճով, թե՞ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու մարտավարություն եք մտածել, և «Դաշնակցությունն» արտահերթ խորհրդարանական ընտրության կգնա Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ:

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը համաժողովրդական պահանջն է, բայց մենք այս ժամանակահատվածում չենք կարողացել այդ համաժողովրդական պահանջը վերածել համաժողովրդական պայքարի, անշուշտ նոր մարտավարության խնդիր ունենք և ակտիվ քննարկում ենք մեր աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու իմաստով: 

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընտրություններին, նախ այն մանիպուլյացիան, որ ընդդիմությունը չի ուզում ընտրություններ, դա կեղծ է, ընդդիմության առաջին պահանջներից մեկը եղել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունները, և այո, մենք գտնում ենք, որ ՀՀ-ում իշխանությունը պետք է ձևավորի ժողովուրդը: Խնդիրն ուրիշ տեղ է` մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այդ ընտրությունները լինելու են ամենախայտառակը: Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընտրությանը և մենք ներկայացրել ենք ճանապարհային քարտեզը, թե ինչպես ու երբ ենք պատկերացնում այդ ընտրությունները», - պատասխանել է Սաղաթելյանը :

Հետևաբար, մենք այսօր մասնակցության հարց չենք քննարկում: Մենք քննարկում ենք օր առաջ այս «չարիքի կառավարությունն իշխանությունից հեռացնելու» հարցը:

Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, նշանակում է` երկիրը ևս 4-5 ամիս մնալու է անիշխանության պայմաններում, նշել է Իշխան Սաղաթելյանը և հիշեցրել` իրենք առաջարկել են անցումային շրջանի թեկնածու, որը հաջորդ ընտրություններին արդեն չի մասնակցելու: Իսկ Փաշինյանը, Սաղաթելյանի խոսքով, «կառչել է իր աթոռից». «Հիմա ինքը պետք է կեղծի, վերարտադրվի, որպեսզի չդատվի, որովհետև իր համար ակնհայտ է, որ երբ Հայաստանում լինի նոր իշխանություն, արդար դատաքննություն է կազմակերպելու այս պետական դավաճանության մեղադրանքով, հետևաբար ինքը, վերարտադրվելու իր վախերից ելնելով, ամեն ինչ անելու է այս ընտրությունները կեղծելու համար»:

Հարցին, թե հաստատո՞ւմ է, որ շարժումը կառավարվում է Հայաստանի նախկին նախագահների` Քոչարյանի-Սարգսյանի կողմից, և որ ժողովուրդը դա տեսնելով չմիացավ շարժմանը Իշխան Սաղաթելյանն արձագանքեց. «Շարժումը չի ղեկավարվում անձերի կողմից, տվյալ դեպքում նախկին նախագահների, «Հանրապետական» կուսակցությունը, օրինակ, շարժման որոշումների մեջ ունի մեկ ձայն, ոնց որ մյուս կուսակցությունները»:

Մեկ այլ հարցին ի պատասխան նա ասաց, որ չեն պատրաստվում փոխել վարչապետի իրենց թեկնածուին, որովհետև «Վազգեն Մանուկյանը ճիշտ թեկնածու է»:

Մեկ այլ հարց էր հնչել, թե հետ կբերե՞ն այն տարածքները, որոնք կորցրել ենք պատերազմի արդյունքում, եթե գա իշխանության «Հայրենիքի փրկության շարժումը»:

«ՀՀ ապագայում ձևավորված ցանկացած քաղաքականություն այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկի, բայց չտանի երկիրը նոր արկածախնդրության ու կռվի՝ մեր պետությունը հզորացնելով, մեր բանակը, մեր տնտեսությունը հզորացնելով: Այո, մենք չպետք է մոռանանք այդ մեր տարածքների մասին, և այո մեր պետության, ժողովրդի տեսլականը պետք է լինի մեր կորցրածը հետ բերելը: Եթե մենք վաղը գանք իշխանության, չի նշանակում, որ պատերազմ ենք հայտարարելու, այդ տարածքները բերելու ենք, հզորացնելու ենք մեր պետությունը, մեր բանակը, մեր տնտեսությունը: Նաև աշխարհաքաղաքական տարբեր դասավորությունների պայմաններում, նաև երբ որ այդ առիթը լինի, մենք պետք է պատրաստ լինենք», - շեշտեց Սաղաթելյանը: