528 դիտում, 2021.01.25 20:03

Քառօրյային ինձ չեն կաշկանդել ՍԴ փոփոխությունները․ Սեյրան Օհանյանի արձագանքը՝ Դավիթ Տոնոյանին

Քառօրյային ինձ չեն կաշկանդել ՍԴ փոփոխությունները․ Սեյրան Օհանյանի արձագանքը՝ Դավիթ Տոնոյանին

2015թ․-ի Սահմանադրության ռազմական մասի մշակման ժամանակ ՊՆ-ն, ինչպես նաեւ Դավիթ Տոնոյանը՝ որպես իմ առաջին տեղակալ, մասնակցություն են ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սերյան Օհանյանը՝ անդրադառնալով  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե 2015 թ․-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից։

«Անվտանգության խորհրդի աշխատանքներում անչափ կարեւոր է եղել ԳՇ պետի, ՊՆ նախարարի, ԱԳ նախարարի եւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի զեկույցները, որոնց հիման վրա երկրի գերագույն  գլխավոր հրամանատարը պետք է որոշում ընդուներ։ Թե ինչպիսի աշխատանք է տարվել, արդյունքը մենք այսօր տեսնում ենք»,-ընդգծեց Օհանյանը։

Հարցին՝ ՍԴ փոփոխությունները փաստորեն կաշկանդե՞լ են Տոնոյանին պատերազմի ժամանակ բեկումնալից գործողությունների գնալու հարցում, Օհանյանն ասաց․ «Բոլոր իմ գործընկերներին չափազանց լավ եմ վերաբերվում, հարգում եմ, թե ինչպիսի բացթողումներ են ունեցել՝ քննարկումների վայրը կարող է լինել միայն ու միայն պետական տարբեր օղակներում՝ փակ, գաղտնի վիճակում»։

Իսկ Ձեզ ՍԴ փոփոխությունները 2019թ․-ի ապրիլյան պատերազմի ժամանակ կաշկանդե՞լ են․ «Ելնելով իմ մասնագիտական վիճակից, իմ դիրքից ինձ չեն կաշկանդել»։