Վրաստանի հանրապետության Մառնեուլի, Ռուսթավիի շրջանում գտնվող մի շարք բեռնատարների հայ վարորդների ահազանգի հետքերով քիչ առաջ դիմեցի ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ցավոք սրտի տհաճ եւ վտանգավոր միջադեպ է գրանցվել. ըստ ամենայնի Մառնեուլի բնակիչ ադրբեջանցիները քարերով հարվածել են հայկական համարանիշներով ավտոմեքենանեին, կոտրել որոշների ապակիները եւ, վարորդների պնդմամբ, խոչընդոտներ են հարուցել տեղաշարժվելու հարցում: Խոսքը մոտ տասնյակ բեռնատարների մասին է:
Նախարարին խնդրել եմ բարձրացված հարցի օպերատիվ լուծման հանձնարարական՝ հայկական համարներով ավտոմեքենաների անվնաս Հայաստան գալու համար: Հուսանք՝ Վրաստանի իշխանություններն անպատիժ չեն թողնի այս հանցագործությունը»,-գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 16-ին ներկայացրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում, և նշել, որ իրենց քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ սխալները գիտակցեն և շտկեն, իրավիճակը մեղմեն երկխոսությունով, փորձեն այդպես կայունացնել լարվածությունը երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր են անում։