կարևոր
840 դիտում, 8 ամիս առաջ - 2021-01-25 14:04

Արցախի Հանրապետությունում ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն

Արցախի Հանրապետությունում ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:

Նշենք, որ հունվարի Հունվարի 22-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել էր արտահերթ նստաշրջան, և նախագծի վերաբերյալ քննարկումից և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանը 16 կողմ, 4 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր օրենքի նախագիծը: Նախքան հարցի քվեարկությանն անցնելը «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը հայտարարել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծերի փաթեթին, իսկ« Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գեղամ Ստեփանյանը հայտարարել էր, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:

««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը:

Նախարարի փոխանցմամբ օրենքի նախագծի փոփոխությունը կապված է 2020թվականի պատերազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի օպտիմալացման և արդյունավետության ու հաշվետվողականության բարձրացման հետ:

Օրինագծով առաջարկվում է՝

  • Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում,
  • Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության , Արցախի Հանրապետության ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնեն համապատասխանաբար Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, Արցախի Հանրապետության ոստիկանության պետը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարը:

Ինչպես հայտնել էինք, ՀՀ կառավարությունը ևս քննարկման է դրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն: Նախարարության ենթակա մարմիններ են լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։