772 դիտում, 2021.01.25 11:55

«Իզմեր» չունեցող մարդը «տարածքներ փողի դիմաց»-ը դարձրեց իր հիմնական բանաձևը. Արմեն Գևորգյան

«Իզմեր» չունեցող մարդը «տարածքներ փողի դիմաց»-ը դարձրեց իր հիմնական բանաձևը. Արմեն Գևորգյան

Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի «Ինչու սկսվեց և շարունակվեց պատերազմը» հոդվածը: Ծավալուն վերլուծությամբ Գևորգյանը ներկայացնում է նախ պատերազմի պատճառները և փաշինյանական այն մոտեցումները, որանք պատճառ դարձան պատերազմի և պարտության համար:

«Խոսքը ոչ թե «խաղաղություն փողի դիմաց», այլ հենց՝ «տարածքներ փողի դիմաց» բանաձևի մասին էր։ Կարծում եմ՝ պատճառն այն է, որ «խաղաղությունը» ենթադրում է համալիր և որոշ իմաստով վերջնական լուծումներ՝ իր բոլոր պարամետրերով, ինչին չէր համաձայնի նա, ով վճարում էր».- գրում է Գևորգյանը։

«Հայտնվում է ոչ հրապարակային բանաձև՝ տարածքներ՝ փողի դիմաց, և դա Փաշինյանի առաջին ու հիմնական սխալն էր։ Նա փայլուն հասկանում էր հասարակության շրջանակներում առկա թաքուն տրամադրությունները, որտեղ մեծամասնությունը ցանկանում էր խաղաղություն, ձգտում էր տնտեսական բարեկեցության, և Արցախի թեման ամենաակտուալը չէր։ Փաշինյանը շատ լավ հասկանում էր, որ էյֆորիայի գագաթնակետին ինքը կարող էր ցանկացած արհեստական թեմա դարձնել հանրայնորեն պահանջված և ստանալ զգալի աջակցություն։ Բայց այդ ժամանակ «փոխզիջման և խաղաղության» թեմայի փոխարեն նա ընտրեց մարտի 1-ի թեման»։

Ներակայացնելով նախապատերազմյան իրավիճակը, հոդվածագիրը նշում է. 

«Հետո տեղի են ունենում իրադարձություններ, որոնք դրդում են Փաշինյանին՝ անխուսափելիորեն գնալ կոնֆլիկտի «արագ ու խաղաղ կարգավորմանը»: Ինչպես միշտ՝ սրա հիմքում մերկանտիլ հաշվարկներն ու սպասումներն էին, այլ կերպ ասած՝ փողը։ Նա հրաշալի հասկանում էր, որ Հայաստանում լատենտ հանրային տրամադրությունները մեծամասամբ կրում են ընդծված մերկանտիլ բնույթ, և նվազագույնը, որ ինքը պետք է անի, պետք է ձևավորի համապատասխան հանրային սպասումներ և փորձի հետո դրանք իրացնել։

Բայց, ի զարմանս Փաշինյանի, նրա արևմտյան գործընկերները հրաժարվեցին խոստումներ տալ միլիոնավոր դոլարների անհատույց ներարկման մասին, և սա դարձավ Փաշինյանի առաջին շոկը։ Նա փաստացի չկարողացավ կապիտալիզացնել իր հեղափոխությունը, ինչպես դա արեց Սահակաշվիլին Վրաստանում։ Նրան հասկացնել տվեցին, որ հայերը հեղափոխությունն իրականացրել են իրենք իրենց համար, այլ ոչ՝ եվրոպացիների կամ ամերիկացիների։ Առավելագույնը, որ խոստանում էին Փաշինյանին, երկարաժամկետ և էժան վարկերն էին։ Այդպես եղավ 2018թ-ի հուլիսին՝ Փաշինյանի բրյուսելյան այցի ժամանակ, այդպես եղավ նույն 2018-ի օգոստոսին՝ կանցլեր Անգելա Մերկելի երևանյան այցի ժամանակ։

Բացի այդ, տարբեր հանդիպումների ընթացքում Փաշինյանին ասվում էր արցախյան հիմնախնդրի արագ կարգավորման անհրաժեշտության մասին, որպեսզի արևմտյան ներդրումները գան Հայաստան, իսկ ամենակարևորը՝ նա Լիդիանի օրինակով պիտի ցույց տար, որ հետաքրքված է նման ներդրումներով ու կարող է պաշտպանել դրանք»։

Արմեն Գևորգյանը ներկայացնում է նաև Ռուսաստանի դերակատարումը այս գործընթացներում:

Արցախյան հարցի «խաղաղ արագ լուծման» առանցքային պահը դարձավ 2018թ․-ի սեպտեմբերը։ Հենց սեպտեմբերին Փաշինյանն անցավ իր ծրագրի իրագործմանը, որի հիմնական էտապներից մեկը Պուտինի աջակցությունը և միջնորդությունն էր՝ Ալիևի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, ներքաղաքական կյանքի թեժացումը «նախկինների» նկատմամբ հանրային ագրեսիվ տրամադրությունների խթանման միջոցով, արագ արտահերթ ընտրությունների անցկացումը՝ հնազանդ մեծամասնության ձևավորման համար և գերակայությունների փաթեթի ձևավորումը՝ կոնֆլիկտի «արագ և խաղաղ» լուծման դիմաց։ Մի ակնթարթ հիշեք 2018թ-ի իրադարձությունները․ սեպտեմբերի 8-ին Փաշինյան-Պուտին ամենաերկար հանդիպումը Մոսկվայում, Քոչարյանի գործով խոսակցությունների ձայնագրության հրապարակումը, Երևանի ավագանու ընտրություններում ագրեսիվ հռետորաբանություն, Պուտինի այցը Բաքու և այնուհետև Դուշանբեի վերելակային բանակցությունները։ Կարծում եմ՝ ռուսական ղեկավարությունը հենց այս էտապում հանգեց այն մտքին, որ Նիկոլի միջոցով կարելի է իրագործել այսպես կոչված Լավրովյան պլանը»։

Հիմա արդեն հայտնի է դարձել, որ այդ փուլում, պետությունների ղեկավարների հանդիպումներից զատ, միմյանց հետ շփվում էին նաև երկու երկրների այլ ներկայացուցիչներ։ Դրանից հետո տեղի ունեցավ լիդերների հանդիպումը Դավոսում, և այդպես գնաց։ Հատկանշանական է, որ Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպումներն այդ պահից սկսեցին կայանալ Ռուսաստանից դուրս։ Փաշինյանն ու իր թիմը ձգտում էին ցույց տալ խաղաղության և շփման գծում լարվածության բացակայության առավելությունները։ «Նոր խորհրդարան-նոր ներդրումներ» կարգախոսն ամբողջապես տեղավորվում էր Փաշինյանի ռազմավարության տրամաբանության մեջ, իսկ իրականում թաքնված բանաձևը հետևյալն էր՝ «ներդրումներ և կոմունիկացիաներ՝ «արագ և խաղաղ լուծման» դիմաց»։ Կարծում եմ՝ 5 միլիարդ դոլարի թեման Փաշինյանի հետ կարող էր քննարկվել հենց այս կոնտեքստում»։

Իսկ Արևմուտքը այլ մոտեցումներ ուներ, որը հասկանալու համար հոդվածագիրը խորհուրդ է տալիս ծանոթանալ Կարնեգիի ֆոնդի զեկույցին՝ «Ամերիկյան աջակցության մեծացումը հետհեղափոխական Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու համար»՝ հրապարակված 2019 թվականի փետրվարի 14-ին։ Կարդալով՝ պարզ կդառնա, թե որտեղ և երբ են ծնվել Փաշինյանի կառավարության մի շարք նախաձեռնություններ, ինչու և ինչպես էր պետք չեզոքացնել Արցախի ուժայիններին և գեներալներին։ Արևմուտքին անհրաժեշտ էր խնդրի խաղաղ կարգավորումը՝ հետագայում ռուսական զինվորական խաղաղապահ առաքելությունից ամեն գնով խուսափելու համար։ 

«Հայաստանի արտաքին գործընկերների պատկերացմամբ, Փաշինյանի հիմնական առաքելությունն Արցախի հարցը լուծելն էր, այդ իսկ պատճառով՝ երկրի ներսում տեղի ունեցող ոչ ժողովրդավարական գործընթացները համապատասխան գնահատականի և արձագանքի չէին արժանանում։ Արևմուտքի համար Փաշինյանի այդ առաքելությունն ուներ մի նպատակ, արևելքի համար՝ այլ նպատակ։

Արևմուտքի հիմնական նպատակը Արցախյան հիմնահարցը նման միջոցով լուծելու արդյունքում Ռուսաստանի դերակատարման թուլացումն էր տարածաշրջանում՝ որպես հիմնական խաղացողի, և դրա փոխարեն Թուրքիայի դիրքերի ամրապնդումը՝ տրանսպորտային միջանցքների և ենթակառուցվածքային նախագծերի միջոցով։ Ընդհանուր առմամբ՝ արևմուտքում Փաշինյանի վարչակազմի համար անգամ դետալներով են գծել Արցախյան խնդրի կարգավորման ռազմավարությունը»։

Իսկ անձամբ Փաշինյանի համար Արցախի խնդրի «արագ և խաղաղ լուծումը» դարձավ իր քաղաքականության անկյունաքարը։ «Իզմեր» չունեցող մարդը «տարածքներ փողի դիմաց»-ը դարձրեց իր հիմնական բանաձևը։ Փաշինյանը և իր թիմը հենց այս բանաձևի մեջ էին տեսնում Հայաստան ներդրումներ բերելու հնարավորությունը, սեփական իշխանությունն պահպանումն ու ամրապնդումը։

 «Ելնում եմ նրանից, որ Նիկոլն ու իր նախարարները, երբ սադրում էին Ադրբեջանին, գիտեին ՀՀ զինված ուժերի իրական հնարավորությունների երկարատև պատերազմ վարելու ռեսուրների բացակայության, Թուրքիայի և Անկարայի ծրագրերի մասին։ Գիտեին ու սադրո՞ւմ էին»,- հոդվածագրի հավաստմամբ սա փածինյանական չորրոդ սխալն էր, որով և սկսվեց պատերազմը: 

«Շուշին կարող էր դառնալ հիմնական խոչընդոտը, և դրա մասին էին խոսում հակառակորդին հունից հանելուն միտված քաղաքականությունը, սկզբում՝ «Արցախը Հայաստան է և վերջ», այնուհետև՝ Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը Շուշիում, Փաշինյանի պարը նույն տեղում, Արցախի խորհրդարանը Շուշի տեղափոխելու ծրագրերը, ՊՆ նախարարի «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտնի ռազմատենչ բանաձևը և, վերջապես, «հուլիսյան հաղթանակները» Տավուշում։ Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկն իրեն թույլ չէր տվել հակառակորդի հանդեպ նման «պաթետիկ» վերաբերմունք՝ հասկանալով, որ նրանց հետ դեռ պիտի էլեմենտար բանակցության նստեն մեկ սեղանի շուրջ և նույնիսկ ճաշեն այլ ֆորմատներով»։ 

Մեծ իմաստով՝ Փաշինյանը սխալվեց չորորդ անգամ, վստահ լինելով, որ արևմուտքը չի թողնի բռնապետ Ալիևին՝ պատերազմ սկսել Փաշինյանի դեմոկրատական Հայաստանի դեմ։ Փաշինյանը հույս ուներ, որ վերջ ի վերջո Ալիևը համաձայնելու է սեղանին դրված փաստաթղթին, իսկ միջազգային միջնորդները բաձր են գնահատելու իր՝ անօրինական մեթոդներով Սահմանադրական Դատարանի կազմը փոխելուն ուղղված ջանքերը՝ հանուն խաղաղ համաձայնագրի անխոչընդոտ ընդունման, և դրանից ելնելով՝ ճնշում են գործադրելու պաշտոնական Բաքվի վրա։ Ըստ էության՝ Փաշինյանն ինքը նվազեցրեց իր հնարավորությունները՝ առևտրի մեջ մտնելով ոչ դեմոկրատ Ալիևի հետ։

Եվ այսպես, սկսվեց պատերազմը։ Պատերազմի ընթացքի, օր առաջ դա չկանգնեցնելու պատճառները ներկայացնելով, հոդվածագիրն անդրադառնում է մեկ կարևոր հանգամանքի վրա՝ ինչու չստորագրվեց պայմանագիր, այլ՝ միմիայն հայտարարություն ընդամենը մի քանի կետերից բաղկացած, առանց մանրամսների և հստակ կարգավորումների.

Հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել մի առանձնահատկության՝ ընդունվող փաստաթղթերի ֆորմատի վրա։ Ստորագրվում է արդեն երկրորդ հայտարարությունը, որը չի ենթադրում ներպետական գործընթացներ, բայց պարտադիր է դառնում իրագործման համար։ Եթե Լավրովյան պլանը պիտի կրեր «կոնֆլիկտի կարգավորման հիմնական սկզբունքների և պայմանների շուրջ համաձայնագիր» կամ պայմանագիր անվանումը ու պիտի գրված լիներ ամենայն մանրամասնությամբ՝ շատ էջերի վրա, ապա հիմա դրա անհրաժեշտությունը չկա, և Լավրովյան պլանն իր ամենաադրբեջանամետ տարբերակով տեղավորվել է առաջին համատեղ հայտարարության մի քանի էջում։ Պետք չէ այն վավերացնել խորհրդարանում, պետք չէ դիմել սահմանադրական դատարան, բայց պետք է անպայմանորեն իրականացնել քեզ վրա վերցրած պարտավորությունները։

Ըստ էության՝ ողջ հայության օրակարգային հիմնական հարցը լուծվեց մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, առանց անգամ ընտրողի կողմից ուղիղ մանդատ ունեցող միակ պետական ինստիտուտի՝ ՀՀ ազգային ժողովի, ինչպես նաև՝ Արցախի խորհրդարանի մասնակցության։ Հենց սա դարձավ Փաշինյանի ճակատագրական սխալը։ Փաստացի՝ պատերազմը չբերեց խաղաղության համաձայնագրերի ստորագրման։ Պարզվեց՝ Արցախյան խնդրի կարգավորման համար չկա ո´չ Նախագահի, ո´չ Ազգային Ժողովի, ո´չ էլ՝ Կառավարության կամ ՍԴ-ի անհրաժեշտություն։ Ըստ էության՝ նոյեմբերի իննին Հայաստանում անհետացավ իրավական պետությունը, և ամենը, որ տեղի է ունենում դրանից հետո մեր երկրում, որևէ բացատրության չենթարկվող քաղաքական գործընթաց է։

Արդյունքում. 

«Ստացվում է՝ 5000 զոհի, 10000 վիրավորի, իրենց հայրենիքն ու տները կորցրած մարդկանց, Արցախի 7 շրջանների, Շուշիի և Հադրութի կորստի և Հայաստանի վտանգված սահմանների գնով Փաշինյանը մեզ համար բացում է երկաթգիծ դեպի Ռուսաստան՝ Ադրբեջանի միջով։ Այսքանով հանդերձ, եթե ուշադիր նայում ենք քարտեզին, այդ ճանապարհն առաջին հերթին ձեռնտու է թուրք-ադրբեջանական կոալիցիային։ Իսկ մենք մնում ենք՝ հարյուրավոր գերիներով Ադրբեջանում, առանց երկարաժամկետ խաղաղության, Արցախի և Հայաստանի անվտանգության իրական երաշխիքների, Արցախի և իր ժողովրդի անհասկանալի ապագայով, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգով և Հայաստանի պետականության կորստի՝ հնարավոր մեծ ռիսկերի առաջ»,- ամփոփում է Արմեն Գևորգյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: