2004 դիտում, 2021.01.25 10:54

Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-ՊՆ-Գլխավոր շտաբ անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները. Տոնոյան

Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-ՊՆ-Գլխավոր շտաբ անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները. Տոնոյան

Պատերազմի ողջ ընթացքում ՀՀ պաշտպանության այժմ արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով Մեդիամաքս գործակալության հարցերին, հաստատել է, որ ՀՀ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը նշել է, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: ​

Ո՞րն եք համարում Ձեր անձնական ամենամեծ բացթողումը այս պատերազմի ընթացքում հարցին պատասխանելով՝ Տոնոյանը նշել է, թե պաշտպանության նախարարը պատերազմի պայմաններում փաստացի լիազորություններ չուներ, գլխավոր պատասխանատուներ նշում վարչապետ-գլխավոր հրամանատարին և ԳՇ պետին: Հարցին նա պատասխանել է այսպես.

- Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները։ Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը եւ գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին եւ պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը։

2015 թ-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին։ Սահմանադրական փոփոխություններից հետո «Պաշտպանության մասին» օրենքում փորձ արվեց կարգավորել այդ անհստակությունը, որը, ինչպես կյանքը ցույց տվեց, այնուամենայնիվ, բավարար չէր:

Այդուհանդերձ, ինչպես ասել եմ նոյեմբերի 20-ի ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: