կարևոր
2547 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-24 21:00

Մակունցը դիվանագիտական փորձը առաջնային չի համարում ԱՄՆ դեսպան նշանակվելու համար

Մակունցը դիվանագիտական փորձը առաջնային չի համարում ԱՄՆ դեսպան նշանակվելու համար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի հերքում, որ նշանակվելու է ԱՄՆ֊ում ՀՀ դեսպան։ Նա «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ նման քննարկում կա, բայց դեռ վերջնական որոշում չկա։

«Օրակարգում կա նման հարց, սակայն վերջնական, երբ հստակեցում լինի, այդ ժամանակ հանրային հրապարակում եւս կլինի»,- ասաց Մակունցը։

Դիտարկմանը, թե Մակունցը տիրապետում է անգլերենին, սակայն ունի՞ արդյոք դիվանագիտական համապատասխան փորձ և գիտելիք, Մակունցը պատասխանեց. «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում դեսպան նշանակվում են դիվանագիտական նշանակումով եւ քաղաքական նշանակումով: Քաղաքական նշանակման համար որեւէ սահմանափակում չկա: Ինչ վերաբերում է իմ փորձին, կարծում եմ այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, փորձը չափազանց կարեւոր է, սակայն որոշ դեպքերում  ամենաառաջնային դերակատարումը չունի»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն էր հայտնել Լիլիթ Մակունցի ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին:

Լիլիթ Մակունցը ծնվել է 1983թ. նոյեմբերի 7-ին Երեւանում:
2003թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, 2005թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
Բանասիրական գիտությունների թեկնածու: Մասնակցել է Թաֆտս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի դասընթացին (2015թ., ԱՄՆ):
2005 թվականից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: 2016 թվականից պայմանագրային հիմունքով աշխատում է ԱՄՆ Խաղաղության կորպուսում:
2018թ. (փետրվար) - 2018թ. (մայիս)՝ Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավար:
12.05.2018-14.01.2019թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարար:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: