2116 դիտում, 2021.01.23 21:24

Հայտնաբերվել է հադրութցի երեք քաղաքացու աճյուն

Հայտնաբերվել է հադրութցի երեք քաղաքացու աճյուն

Երեկ` հունվարի 22-ին, որոնողական աշխատանքների արդյունքում իրենց տան բակերում հայտնաբերված երեք քաղաքացին էլ հրաժարվել էր լքել տունը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը:

Երեկ հայտնաբերվել էին Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ 55-ամյա Սերժիկ Ավագյանի, 80-ամյա Յուրիկ Առուշանյանի և Դրախտիկ գյուղի բնակիչ` 50-ամյա Մարինե Հայրապետյանի դիերը։

«Երեք դին էլ անճանաչելի է եղել։ Սերժիկ Ավագյանին ճանաչել են զինվորական հին համազգեստից, որը սովորաբար կրում էր, Յուրիկ Առուշանյանին` վերնահագուստից, իսկ Մարինե Հայրապետյանն առաջին կարգի հաշմադամ էր` սայլակից են հասկացել, որ նա է։ Սակայն ԴՆԹ փորձաքննություն էլ կիրականացվի»,–ասել է Պետրոսյանը:

Նրա խոսքով` վերոհիշյալ երեք անձնք էլ պնդել է, որ իրենց տունը լքել չեն պատրաստվում և ընտանիքի անդամների հորդորին չեն ենթարկվել։ Սերժիկ Ավագյանի ընտանիքը Գյումրի է տեղափոխվել այդ օրերին, սակայն ինքը հրաժարվել է դուրս գալ տնից։ 80-ամյա Յուրիկ Առուշանյանը քրոջ հետ էր բնակվում, և նա նույնպես չի համաձայնել դուրս գալ գյուղից:

Նշենք, որ սպանված հայտնաբերված 3 քաղաքացին համարվում էին անհետ կորած։