1748 դիտում, 2021.01.23 12:55

Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում ամենախոշոր ներդրումները կատարել է ՀՅ Դաշնակցությունը. «Հետք»

Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում ամենախոշոր ներդրումները կատարել է ՀՅ Դաշնակցությունը. «Հետք»

«Հետք»-ը հրապարակել է «Հայության հավաքական ջանքերով կատարված ներդրումները Ադրբեջանին հանձնված տարածքներում» վերլուծությունը, որում ներկայացվում են Արցախի հանրապետության 7 շրջանների բնակավայրերում իրագործված զարգացման խոշոր ծրագրերը՝ ենթակառուցվածքների ստեղծում, հասարակական շինությունների կառուցում, սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության, պատմամշակութային արժեքների պահպանության, արվեստի և սպորտի բնագավառներում։ Ծրագրերն իրականացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը, Հայ առաքելական եկեղեցին և այլք:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներդրումները Քաշաթաղի և Քարվաճառի (Շահումյանի շրջան) շրջաններում

Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում ամենախոշոր ներդրումները կատարել է «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցությունը: Նրանց հաշվարկներով ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 20 մլն դոլար, որի մեջ հաշվարկված չեն բարեգործական ծրագրերը։ 2009թ. Աղավնո գետի շրջանում սկսեցին փոքր հէկ-երի կառուցումը: 2011թ.-ին բացվեց «Սյունիք-1» հիդրոէլեկտրակայանը, այնուհետև «Սյունիք-2», «Սյունիք-3»,«Սյունիք 4» հէկ-երը:
ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Մաթիլյանն ասում է, որ ՀՅԴ-ն կազմակերպել է ներդրումները և ի սկզբանե այն  բիզնես նպատակ չի ունեցել։ Հէկ-երի շինարարության նպատակն առավելապես սոցիալական և ռազմավարական է եղել։ Այդ պատճառով բոլոր հէկերը նվազագույնը 25 բաժնետեր ունեն։ Ներդրողները  կուսակցության անդամներն էին, որոնք պարբերաբար Հայաստանին օգնում էին և ասում էին, եթե երաշխիք են տալիս՝ այս տարբերակն էլ իրականացնենք։ «Աշխատել ենք շատ մարդ ներգրավել, հիմնականում, սփյուռքահայեր։ Ուղղակի տեղացիները ներգրավվել են այդ գործում որպես երաշխիք, որպեսզի սփյուռքահայությունը վստահություն ունենա ներդրումներ կատարելիս։ Ցանկանում էինք նախ՝ որոշակի քանակությամբ աշխատատեղեր ստեղծել, այս շրջաններում աշխուժացնել տնտեսական կյանքը, օրինակ ծառայել մնացած գործատերերի, դրամագլուխ ունեցողների համար»,- ասաց ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Մաթիլյանը:

Պրն Մաթիլյանն ասում է, որ ներդրողներն, իհարկե, մտահոգություն ունեին, քանի որ այդ տարածքների կարգավիճակը հստակեցված չէր: «Մենք ռիսկի գնալով նախաձեռնեցինք աշխատանքները և Քաշաթաղի շրջանում առաջին հէկի շինարարությունն սկսեցինք։ «Սյունիք-1»-ից հետո այլ ներդնողներ ընդգրկվեցին ծրագրում, որովհետև տեսան, որ որպես բիզնես ծրագիր հաջողվել է։ Քաշաթաղի շրջանում հէկերի հաջողված փորձից հետո այլ ներդրողներ էլ եկան և սկսեցին աշխատել»,- պատմում է Հ․ Մաթիլյանը։ 

Վերջինիս ասելով՝ միայն 4 հէկ կառուցելով 50 աշխատատեղ էին ստեղծել, ապահովում էին Արցախում սպառվող էլեկտրաէներգիայի 22%-ը, այսինքն՝ հէկերն այնքան էին արտադրում, ինչքան Արցախը Հայաստանից ստանում էր։ «Մենք դարձանք Արցախի հանրապետության ամենախոշոր հարկատուն, Քաշաթաղի ղեկավարությանն օգնել ենք բոլոր հարցերում: Հէկ-երից ստացված հասույթով Բերձոր քաղաքի լուսավորությունն իրականացրինք, խաղահրապարակ կառուցվեց, ստեղծեցինք «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամը, որին պարբերաբար նվիրատվություններ ենք արել»,- ասաց Հ. Մաթիլյանը։

Բացի այդ, Քաշաթաղում 4 տարի առաջ 10 հեկտար ընկույզի այգի են հիմնել, որն այս տարի պետք է բերք տար։ Տնկիներն արտասահմանից են բերել։

Նա ասում է, որ Քարվաճառի շրջանում նույն էներգետիկ ռեսուրսները կային, բայց չէր օգտագործվում։ Արցախի ղեկավարության առաջարկով այստեղ մի փոքր վտակի՝ Լև գետի վրա փոքր հէկ են կառուցել, դրանից հետո սկսվեցին մեծ ներդրումներ արվել, մեծ հէկեր կառուցվեցին և աշխատանքները բարեհաջող ընթանում էին մինչև Արցախի կապիտուլացիան։
Քարվաճառի Եղեգնուտ գյուղում ժամանակակից մանկապարտեզ են կառուցել մի բարերարի միջոցներով, որը հէկ-ում բաժնետեր էր և հավաքած գումարը նվիրաբերեց մանկապարտեզին։

 

Քարվաճառի Աղավնո գյուղում լիբանանահայ դաշնակցականների նեդրումով կառուցվեց Արիավանը: Ժամանակակից կոմունալ հարմարություններով 50 տուն կառուցեցին՝ իր տնամերձ հողամասով: Արիավանում բնակելի տները տրամադրվել են բազմազավակ ընտանիքներին, բանակում ավելի քան քսան տարի ծառայած սպաներին և այլ բնակիչների: Ենթակառուցվածքները նոր պետք է ստեղծվեին։ Բերձորի միջանցքի սկզբնամասում գտնվող գյուղը պատերազմից հետո զրկված է էլեկտրականությունից, բնական գազից, սակայն բնակիչները չեն պատրաստվում լքել իրենց տները և ստանձնել են գյուղի անվտանգության ապահովումը։

«ԱՐԻ» (Artsakh Roots Investment) ներդրումային հիմնադրամի երկրորդ խոշոր ծրագիրը «Սիդնեյ» թաղամասի կառուցումն էր Քարվաճառում։ «Սիդնեյ» թաղամասը կառուցվել էր հիմնականում լիբանանահայերի եւ ավստրալահայերի ներդրումներով, որոնք մոտ 500 հազար դոլար էին ներդրել «Սիդնեյը» կառուցելու համար: Թաղամասում ենթակառուցվածքներ ստեղծելու համար եւս երեք հարյուր հազար դոլար ներդրել էր Արցախի կառավարությունը: «Սիդնեյ» թաղամասը դեռևս չէր բնակեցվել, 15 առանձնատներից 12-ն էր պատրաստ բնակության։
ՀԲԸՄ-ի ներդրումները Քարվաճառում

Բերձորի տարածաշրջանի բնակիչներին ՀԲԸՄ-ն հատկացրել է գյուղտեխնիկա՝ 3 տրակտոր, 2 շարքացան, սրսկիչներ և գյուղատնտեսական սարքավորումներ։ Այդ սարքավորումների համար հիմնվել է ավտոպարկ, կառուցվել է պահեստ։ Բերձորի շրջանում հիմնվել են ձիթենու այգիներ՝ 21,400 ձիթենու ծառ են նվիրել վերաբնակեցված 16 սիրիահայ և 15 տեղացի ընտանիքներին:

2020թ. նոյեմբերի 9-ի պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի ենթակայության անցան նաև Ասկերանի շրջանից 8 գյուղ (Ավետարանոց, Ակնաղբյուր, Արմենակավան, Ջրաղացներ, Մադաթաշեն, Սղնախ, Ուղտասար և Մոշխմհատ համայնքներ), Մարտակերտի շրջանից 8 գյուղ (Թալիշ, Մատաղիս, Հովտաշեն, Նոր Այգեստան, Նոր Կարմիրավան, Նոր Հակաջուր, Նոր Մարաղա, Նոր Սեյսուլան) և Մարտունու շրջանից  7 գյուղ (Ջիվանի, Շեխեր, Զարդանաշեն, Վազգենաշեն, Սարգսաշեն, Թաղավարդ, Ներքին Ճարտար քաղաքը):

Հոդվածի այլ մանրամասները կարդացեք Hetq.am-ում: