Սենատի հանրապետական ու դեմոկրատ օրենսդիրները համաձայնել են մոտ երկու շաբաթով հետաձգել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը:
Դատալսումներն ամերիկյան Կոնգրեսի վերին պալատում կմեկնարկեն փետրվարի սկզբներին: Քանի որ Թրամփի լիազորություններն արդեն դադարեցվել են, պաշտոնանկ անելու կարիք այլեւս չկա, սակայն Սենատը կարող է զրկել Թրամփին հետագայում պետական որեւէ պաշտոն ստանձնելու իրավունքից: Օրինակ՝ Թրամփը չի կարողանա իր թեկնածությունն առաջադրել Միացյալ Նահանգների հաջորդ նախագահական ընտրություններին:
Հիշեցնենք, որ դեմոկրատները պնդում են, որ Թրամփն իր գործողություններով նպաստել է հունվարի 6-ին Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների ծավալմանը՝ Կոնգրեսի վրա հարձակմանը, որոնց հետեւանքով 5 մարդ է զոհվել: