կարևոր
1700 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-23 01:01

Ստիպված ենք պատասխանել իրականությունը գլխիվայր շուռ տվող ստախոսին. Արցախցի հուշարձանագետի պատասխանը Ալիևին

Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը չորս լեզվով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն և արաբերեն հրապարակել է իրական և ստույգ փաստեր՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Ալիևի հնչեցրած սուտ հայտարարությունների: Արցախցի հուշարձանագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Սլավա Սարգսյանը գրում է.  

Վերջերս, գտնվելով Շուշիում, Ադրբեջանի նախագահ և այդ երկրի գլխավոր զեղծարար Ի. Ալիևը, ում ցուցումով նախկինում էլ պարբերաբար սուտ լուրեր են տարածվել, որ հայերն իբր թե ոչնչացրել են ադրբեջանական մշակույթի հուշարձանները, կանգ առնելով տեղի մզկիթներից մեկի մոտ, ի լուր աշխարհի հրապարակավ մեկ անգամ ևս հոխորտաց, որ հայերն ավերել-ոչնչացրել են Լեռնային Ղարաբաղում գտնվող թվով 67 մզկիթներից 64-ը: Այդ ստահոդ և իրականության հետ բացարձակապես կապ չունեցող լուրը տեղ է գտել նաև ադրբեջանցիների կեղծ քարոզչությունը խրախուսող կամ այդ քարզչության ջրաղացին պարբերաբար ջուր լցնող այլ հրապարակումներում: Նկատի ունենալով վերոհիշյալը, ստիպված ենք պատասխանել իրականությունը գլխիվայր շուռ տվող ստախոսին՝ հիմք ընդունելով միայն ու միայն իրական և ստույգ փաստերը:

Այսպես, բուն Լեռնային Ղարաբաղի կամ նախկին ինքնավար մարզի տարածքում, որ իր մեջ էր ներառում թվով հինգ շրջան՝ Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանները, մզկիթներ և մեդրեսեներ կան միմիայն Շուշի քաղաքում(14) և մոտակա Մալիբեկլու գյուղում(1), թվով 15 հատ: Այդ փաստը արձանագրված է Ադրբեջանի հանրապետության կառավարության դեռևս 1988թ. ապրիլի 27-ի թիվ 145 որոշմամբ հաստատված և պետական պահպանության տակ առնված պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում: Ինչ վերաբերում է բուն լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների մզկիթներին, ապա դրանց թվաքանակը հասնում է 12-ի, որոնք բաշխվում են հետևյալ կերպ. Քաշաթաղի (Լաչինի) շրջան-1, Քաշունիքի (Կուբաթլու)շրջան -2, Կովսականի (Զանգելան)շրջան -1, Ջաբրայիլի շրջան-1, Ֆիզուլու շրջան-2, Ակնայի (Աղդամ) շրջան-6, որոնցից մեկը իջևանատուն՝ փոխակերպված մզկիթի: Ուշադրություն դարձնենք՝ առանց մի որևէ կրակոցի, պարոն Ալիևին հանձնված Քարվաճառի (Քյալբաջար) շուրջ 2000քառ. կմ տարածքում, մզկիթ ընդհանրապես գոյություն չունի: Եվ դա այն դեպքում, երբ այդ շրջանում առկա են շուրջ երեք տասնյակ վանքեր ու եկեղեցիներ: Այսպիսով, ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ առկա են թվով 27 մզկիթներ:

Հարց է ծագում: Որտեղի՞ց են վերցված վերը նշված այդ 67 մզկիթները: Իսկ եթե նույնիսկ այդ 27-ին ավելացնենք մզկիթ համարվող և Ադրբեջանի կառավարության հիշյալ որոշմամբ գրանցված ու պետական պահպանության տակ առնված Նախիջևանի հանրապետության տարածքի թվով 24 մզկիթները, կստացվի ընդամենը 51 մզկիթ: Միգուցե՞ պարոն Ալիևը նկատի է ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքից դուրս գտնվող շրջանների մզկիթները:

Բոլոր դեպքերում՝ սուտը մնում է սուտ: Խաբելով կամ դիմելով մանիպուլյացիաների, փաստորեն պետական բարձր մակարդակով փորձ է արվում ապակողնորոշել միջազգային հանրությանը՝ արդարացնելով ինչպես նախկինում, այնպես էլ վերջերս իրենց կողմից կատարված ու կատարվելիք վանդալիզմը հայկական պատմա-մշակութային հուշարձանների նկատմամբ: Ինչ վերաբերում է մզկիթների պահպանությանը, պետք է նշել, որ դրանք այդ առումով շատ ավելի վատ վիճակում չեն, քան հայկական եկեղեցիները: Իսկ կիսաքանդ կամ վնասված մզկիթների մասին հստակ կարող ենք ասել, որ դրանք ներկայիս պատերազմի հետ որևէ առնչություն չունեն և նախորդ պատերազմի արդյունք են: Այդ ընթացքում քանդվել ու վնասվել են նաև հայկական բազմաթիվ հուշարձաններ, եկեղեցիներ, վանքեր և այլն: Արցախի Հանրապետությունում անկախ ազգային պատկանելիությունից, հայկական հուշարձանների հետ միասին հաշվառվել ու վկայագրվել-պասպորտավորվել են նաև մահմեդական հուշարձանները, այդ թվում մզկիթները, քյումբազ-դամբարաններն ու գերեզմանոցները:

Պետությունն իր հնարավորությունների սահմաններում իրականացրել է նաև դրանց մաքրման-բարեկարգման աշխատանքները, իսկ Շուշիի Վերին Մզկիթը վերականգնվել է: Այո, Արցախն իր ունեցած սուղ հնարավորությունների սահմաններում աշխատանքներ է կատարել մահմեդական հուշարձանների պահպանությունը բարելավելու ուղղությամբ՝ վերականգնելով Շուշիի վերը նշված մզկիթը, իսկ դուք պարոն ագրեսոր, ձեր վանդալների միջոցով գիտակցաբար պայթեցրել ու քարուքանդ եք արել այդ քաղաքում գտնվող հայոց երկու եկեղեցիները: Այո’, հայատյացության, ազգային խտրականության քաղաքականությունը ձեր շինծու Ադրբեջան կոչված հանրապետությունում երբևէ նորություն չի էլ եղել: Այդպես է եղել նաև նախկինում, օրինակ, խորհրդային ժամանակներում, երբ փորձելով վերացնել հայկական հետքը, հայկական մշակութային մի շարք հուշարձաններից քերվել-վերացվել են հայատառ արձանագրությունները, պետական պահպանության տակ առնված հուշարձանների ցանկերից գիտակցաբար դուրս թողնվել այն ամենը, ինչ հայկական է: Օրինակ, նշված՝ 1988թ. ապրիլի 27-ի թիվ 145 որոշմամբ հաստատված և պետական պահպանության տակ առնված պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, Լեռնային Ղարաբաղում պետական պահպանության տակ է առնված ընդամենը 282 հուշարձան՝ Ասկերանի շրջանում՝ 10(1018-ի փոխարեն), Հադրութի շրջանում՝ 44(368-ի փոխարեն), Մարտակերտի շրջանում՝ 29(1647-ի փոխարեն), Մարտունու շրջանում՝ 16(281-ի փոխարեն), Շուշիի շրջանում՝ 183(576-ի փոխարեն), որոնցից հայկական է դիտվում ընդամենը 10 հուշարձան: Դեռ ավելին հայկական վանական համալիրներն ու միջնադարյան եկեղեցիները ներկայացված են որպես «Ալբանական տաճարներ»:

Ի գիտություն զեղծարարների կամ ադրբեջանական կեղծ քարոզչության ջրաղացին ջուր լցնողների, հարկ ենք համարում տեղեկացնել, որ իրականում, նշված շրջաններում սահմանված կարգով հաշվառված-վկայագրված ու գրանցված են թվով 3890 հուշարձաններ, որոնց թվում՝ 241 վանք ու եկեղեցի: Խտրականությունը տեղ է գտել նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզին հարակից մյուս շրջանների ցանկերում, որտեղ հայկական հուշարձաններ ընդհանրապես գոյություն չունեն: Եվ դա այն դեպքում, երբ միայն Քարվաճառի ու Լաչին-Քաշաթաղի շրջաններում դրանց թվաքանակը հասնում է 741-ի, որոնց թվում 53 վանք ու եկեղեցի:

Այսքանից հետո արժե՞ մեկ անգամ ևս հիշեցնել պարոն Ալիևին, թե ինչու՞ Արցախի ժողովուրդը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և նպատակ չունի մեկ անգամ ևս ընկնել ցեխի մեջ: