կարևոր
1930 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-22 14:26

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի ԲԴԽ անդամների թեկնածուների քվեարկությանը

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի ԲԴԽ անդամների թեկնածուների քվեարկությանը

«Մենք չենք մասնակցելու ԲԴԽ անդամի ընտրությանը, չենք քվեարկելու»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Նրա խոսքով, շատ պարզ է պատճառը, քանի որ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներում խախտված է հարցերի լուծման առաջնահերթությունը։

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ նշեց, որ  խմբակցությունն այս փուլում քվեարկությանը մասնակցելու քաղաքական նպատակահարմարություն չի տեսնում։

«Այսօր Կառավարության օրակարգում պետք է լինեն այլ հարցեր, և դատական համակարգի վերաբերյալ կեղծ օրակարգով առաջ բերված հարցերը պարզապես տեղ չպիտի ունենան»,- ասաց պատգամավորը։

Նա հավելեց, որ  Խորհրդարանի այս քառօրյայում ընդգրկված շուրջ հինգ տասնյակ հարցերից և որևէ մեկը չէր արտացոլում այն օրակարգը, որը ծառացած է մեր երկրի առաջ։ Խոսքը վերաբերում է թե՛ զոհերի ընտանիքների ունեցած խնդիրներին, թե՛ Արցախից տարհանված ընտանիքներին։

«Իսկ ինչ վերաբերում է այս քվեարկությանը, ապա մենք մեր քաղաքական դիրքորոշումը հայտնեցինք»,- եզրափակեց Իվետա Տոնոյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս չի մասնակցում ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցով քննարկմանը, չի մասնակցելու նաև քվեարկությանը: Աայս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ արտահերթ նիստի սկզբում ինքը ցանկացել է վարման կարգով հայտարարություն անել, սակայն կամ ընթացակարգը թույլ չի տվել, կամ նիստը նախագահողը չի նկատել, և իրենք խմբակցությունով դուրս են եկել նիստերի դահլիճից:

Ըստ ԼՀԿ-ի՝ դատաիրավական բարեփոխումներում ընդդիմության դերն անտեսվել է: «Անգամ ԲԴԽ-ում ընդդիմության կողմից թեկնածուների առաջադրման մի քանի փորձեր են ձախողել իշխանությունները: Եվ, փաստորեն, սրանով ընդդիմությանը դուրս դրեցին դատաիրական բարեփոխումներին ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցելու հնարավորությունից: Եվ այսօր էլ կրկին առանց ընդդիմության հետ քննարկումների, թեկնածուներ են առաջադրել, և, բնականաբար, մենք չենք կարող հանդուրժել: Չենք մասնակցում այս ամբողջ գործընթացին»,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ քվեարկությանն էլ չեն մասնակցելու:

Սիմոնյանը հավելեց, որ խմբակցության որոշումը քաղաքական է: