404 դիտում, 2021.01.22 11:51

«Ամոթի պատ» բողոքի ակցիա Աժ դիմաց՝ ԲԴԽ անդամ նշանակելու՝ իշխանական պատգամավորների մտադրության դեմ

«Ամոթի պատ» բողոքի ակցիա Աժ դիմաց՝ ԲԴԽ անդամ նշանակելու՝ իշխանական պատգամավորների մտադրության դեմ

Այսօր ժամը 12։00-ից ԱԺ-ում արտահերթ նիստ է՝ ԲԴԽ անդամի թեկնածու ընտրելու օրակարգով։ Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է երկու թեկնածություն՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյան և ՀՔԾ գործող պետ Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատրյան։ Հայրենիքի փրկության շարժման ակտիվիստները այսօր, հունվարի 22-ին «ամոթի պատ» են կազմել ԱԺ մուտքերի առջև, որով բողոքում են Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ նշանակելու՝ իշխանական պատգամավորների մտադրության դեմ:

Հավաքված քաղաքացիները հայտարարում են, որ Ջհանգիրյանի օգնությամբ Փաշինյանն ուզում է դատական իշխանությունն իրենով անել։

ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը ակցիայի ժամանակ հայտարարեց, որ այս գործընթացը ունի ընդամենը մեկ նպատակ՝ ԲԴԽ անդամ նշանակել մարդու, ով լիարժեք կամակատարն է ՀՀ վարչապետի և կառավարության: Նա արձանագրեց, որ իշխող թիմը, իր իշխանությունը երկարաձգելու համար, ևս մեկ անգամ ՀՀ-ում Սահմանադրություն և օրենք է խախտում։

«Մենք սրա համար հավաքվել ենք՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու, կոչ հղելու մեր քաղաքացիներին, որ ամեն օրը, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր պաշտոնում, նոր անօրինականության է բերում, նոր հարված է հասցնում պետությանը, և, սրանով իսկ, շարունակում քանդել ՀՀ հիմքերը»,-ասաց Սևակ Նազարյանը։

ԱԺ-ում տեղակայված մի խումբ «ուսապարկեր», որոնք ուսապարկով, սելֆիի ձողով կարողացան զավթել Ազգային ժողովը, այսօր ծառայում են այլ երկրի շահերին, հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ԱԺ դիմաց «ամոթի պատի» ակցիայի ժամանակ։

«Դրա վառ ապացույցն են ԱԺ-ում հայտնված «ուսապարկերի» որոշ հայտարարությունները։ Եվ «գլխավոր ուսապարկ» Նիկոլ Փաշինյանի մի քանի օր առաջ ԱԺ-ում արած հայտարարությունը կասկածի տակ դրեց փաստորեն Շուշիի հայկական լինելու հանգամանքը՝ այն համարելով ադրբեջանական։ Իսկ դրանից հետո նրա հավաքած ուսապերկերից ոչ ոք ոչ մի հանգամանալից մեկնաբանություն չտվեց Փաշինյանի այդ հայտարարությանը։ Այս մարդիկ հայ չեն, այս մարդիկ հայկականության հետ կապ չունեն և գուցե երբեք էլ չեն ունեցել։ Այս մարդիկ դավաճաններ էլ չեն, այս մարդիկ ուղղակի մեր պետության թշնամիներն են։ Նիկոլը ո՛չ մեր հարազատն է, ո՛չ մեր բարեկամը, նա և իր խունտան, ովքեր սպասարկում են օտարերկրյա երկրների շահերը, երբեք առնչություն չեն ունեցել հայության հետ»,- ասաց Վարդանյանը։

«Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները՝ «Նիկոլ-Ալիև» ֆորմատում, բավարար են ապացուցելու՝ այս իշխանությունն այլևս չպետք է լինի և հիմա փորձում են ֆեյքերով համոզել, թե հանրությունն իրենց աջակցում է, սակայն հանրությունը, վստահաբար, չի աջակցում և չի կարող աջակցել»,- այս մասին Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության դեմ Ազգային ժողովի դիմաց քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Նշեց՝ ի վերջո ժամանակն է, որ պատգամավորները, իր գնահատմամբ, «ուսապարկից» վերածվեն մարդու և հայրենիքի մասին մտածողի:
«Մենք կրկին հնարավորություն ենք տալիս այս մարդկանց՝ հասկանալու, որ քանի դեռ մենք սահմանադրական ճանապարհով բացատրում ենք, պայքարում ենք, ժամանակն է, որ նրանք էլ գնան կոնկրետ քայլերի»:

Բաբայանը նաև հավելեց, որ «Հայրենիքի փրկության շարժումը» վիճակը քննարկում է և անհրաժեշտ քայլերն իրականացնում է:

«Իրենք ցանկանում են ԲԴԽ անդամ կարգել մի մարդու, ով ո՛չ մասնագիտական և ո՛չ էլ բարոյական արժանապատվություն չունի։ Ինքը պատրաստ է դավաճանական իշխանությունից ընդունել պաշտոն և, հերթական պարգևավճարի ու կաշառքի ակնկալիքով, կատարել ցանկացած հակաիրավական և հակապետական հրահանգ»,-ասաց ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը։