492 դիտում, 2021.01.22 10:00

Որոշման պահը. Շուշիով Փաշինյանի գծած համազգային ջրբաժանը. «Անկեղծ ասած» Գեղամ Մանուկյանի հետ

Այսօրվա խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին ուղղված Շուշիի մասին Փաշինյանի աղմկահարույց հայտարարության շուրջ մեկնաբանություն չտալու համար փախուստը դահլիճից շատ խորհրդանշական էր: Նիկոլ Փաշինյանի, որեւէ տրամաբանության մեջ չտեղավորվող հայտարարությունը, թե, եթե Շուշին բնակեցված էր 90 տոկոս ադրբեջանցիներով,  ապա ադրբեջանական էր, կարող է նշագծել մեր ժողովրդի պատկերացումների, դիրքորոշումների հարցում ջրբաժանը, ռուբիկոնը, կարմիր այն գիծը, որն այլեւս որեւէ սակարկում չի ճանաչում: Եվ որեւէ մեկը, ով այդ հարցում՝ Շուշին հայկակա՞ն է, թե՞ ոչ, երկընտրանք դնող Նիկոլ Փաշինյանի մոտեցման հարցում  ունի անհստակություն, փորձում է խուսանավել այդ հայտարարությանը հստակ, ուղիղ, կտրուկ գնահատական տալուց, ապա հենց նա էլ դառնում է մեղսակիցը այդ ամենի: Երեկ Խորհրդարանում իր այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն անուղղակի գծել է մի հստակ սահման, որից աջ կամ ձախ գտնվելը դառնալու է ամեն մի հայի ընտրությունը: Նիկոլ Փաշինյանը գծել է հստակ դավաճանական սահմանագիծ: Նա մի կողմում դրել է հայ մարդուն, ում համար այս ամիսները ողբերգություն է, քանի որ մեր զավակների, հայրենակիցների կորստին հավասար, ես կասեմ ավելին՝ կորսվեց մեր Հայրենիքի մի մասը, կորսվեց Շուշին, Շուշին հանձնվեց: Շուշին, որ մեր հպարտությունն էր: Մեր ժողովրդի պայքարի, ազատամարտի, մեր նահատակների զոհողության իմաստավորման ադամանդակուռ  թագն էր:

Փաշինյանի գծած վտանգավոր այս ջրբաժանի մի կողմում մեր այն հայրենակիցներն են, որոնք այս ամիսներին չունեն քուն, հանգիստ, հանդարտություն, կյանք, առօրյա հոգսեր, քանզի կորցրել են այդ հպարտությունը, կորցրել են Շուշին, կորցրել են Հադրութը, կորցրել են հաղթանակի ու արժանապատվության զգացումը, հավատը ստեղծելու ու արարելու: Իսկ Փաշինյանի գծած ջրբաջանի մյուս կողմում մարդիկ են, թիվը չեմ կարող ասել, որոնց համար Փաշինյանի ասածներն արդարացվում են հազար ու մի տեսակ հիմնավորումներով: Այլեւս  Փաշինյանի երեկվա «եթե Շուշիում ապրել են 90 տոկոս ադրբեջանցիներ, արդյոք Շուշին հայկակա՞ն է» հարցադրման մասին կարծիք չհայտնելով, խուսանավելով, խուսափելով, փախնելով, ինչպես այսօրվա պատգամավորներն էին, ու ավելին՝ արդարացումներ փնտրելով, ցանկացած ոք հայտնվում է մեր ժողովրդին բաժանող, ազգային, քաղաքացիական բաժանարար գծիւ մյուս կողմում:

Սա քաղաքական, կուսակցական, սեռային, կրոնական բաժանարար գիծ չէ, որ հնարավոր լինի դրանից խուսափել: Կամ-կամն է: Ընդունե՞լ, որ «դե ադրբեջանցիներ են ապրել Շուշիում, ապագայում էլ փախստականների վերադարձի դեպքում ապրելու էին, այդ դեպքում ինչու՞ չտային, չհանձնեին Շուշին» թեզն առաջ մղելով, մեր պետությանը, պետականությանը, ժողովրդին, զինված ուժերին տանում են ամեն րոպե զիջելու, նահանջելու, փախուստ տալու, մոռացության տալու, ուրանալու մի կործանարար ընթացքի: Այդ իսկ պատճառով, երեկվա Փաշինյանի Շուշիով գծած երկընտրանքում պետք է որոշեն, ով որտեղ է, որ կողմում: Պետք է հաստակեցնեն իրենց դիրքորոշումը, հետագա ապրելակերպը՝ պայմանավորված Շուշիով: Այն հայկական է, Արցախն է, մերն է, վերադարձվելիք է, ապագայում շենացվելիք է, վերակերտվելիք է, թե՞ թուրքականն է, հավերժ թուրքինն է, վերջնական ադրբեջանցուն նվիրվածն է, քանի որ, ըստ Փաշինյանի, վաղ թե ուշ ադրբեջանական էր:

Հայությունն այլեւս, երեկվա փաշինյանական հայտարարությունից հետո, առաջին հերթին ունենում է մեծագույն երկընտրանք՝ ոչ կուսակցական, ոչ  քաղաքական, ոչ իշխանության նկատմամբ վերաբերմունքով, ոչ նախկինին ու ներկաներին սիրելով կամ ատելով, ոչ ներհասարակական արդարության մասին դատողություններով, կարծիքներով:

Կամա թե ակամա, Նիկոլ Փաշինյանը, երեկ շրջանառության մեջ դրված Շուշիի հայկական կամ ադրբեջանական լինելու թեզով,  իր նկատմամբ, իր քաղաքականության, մոտեցումների նկատմամբ, ներկայիս իշխող ուժի նկատմամբ, հենց այսօր դիրքորոշվելու պարտադրանք սահմանեց: Ամեն մեկը պետք է որոշի, այսպես ընդհանրական ձեւակերպեմ. Նիկոլի հետ է, թե՞ դեմ: Ոչ թե իբրեւ վարչապետ, քաղաքական մի շարժման առաջնորդ, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարություն հաստատելու, նախկին իր բառերով ասեմ՝ թալանչիների վերադարձը թույլ չտվող, ու հազար ու մի տեսակ կեղծ թեզերով արդեն երկուսուկես տարի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի: Այլ՝ Շուշին արդբեջանական հռչակած, պատմություն կեղծած, ադրբեջանական նույն բառապաշարով խորհրդային տարիներին այդ քաղաքում ադրբեջանցիների գերակշռությամբ քաղաքի արդբեջանականությունը հիմնավորող մարդ, անձ, գաղափար կրող: Ցանկացած ոք, ով այսուհետ խոսքում կասի, հա, ճիշտ ես, Շուշին հայկական է, Նիկոլը ճիշտ չարտահայտվեց, բայց... այստեղ կանգ: Բայցից հետո տարակուսողը դառնում է նույն այդ փաշինյանական ձեւակերպման տերը, ու նաեւ պատասխանատուն: Առանց որեւէ փոխզիջման: Քանզի խաղասեղանին դրված է համազգային մի մեծ, վտանգավոր հետեւանքներ ունեցող երկընտրանք: Գիտակցված, կամ չգիտակցված, միտումնավոր կամ ոչ:

Երեկ Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից ի լուր ողջ աշխարհի ասվեց այն, ինչ ադրբեջանցիները ճգնում են ապացուցել ողջ աշխարհին տասնամյակներ շարունակ, ասվեց մի բան, որը ենթադրում է, վերջ մեր արցախյան պահանջատիրությանը, պայքարին, երազին, աշխատանքին: Վերջ Արցախի հայկականությանը, քանզի Շուշին է առաջին հերթին խորհրդանշում արցախյան մեր գոյապայքարը, թեկուզ հիմա նահանջով, բայց չդադարող գոյապայքարը: Ու ինչպես Արցախն էր մեր երկրի անվտանգության առաջնագիծը, այսօր էլ Շուշիի շուրջ մեր գիտակցությունն է, այդ անվտանգությունն ապահովելու երաշխավորը: Այսօր կուլ տալով Շուշվա մասին հայտարարությունը, վաղն արդեն նույն այս խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը կամ մեկ ուրիշը կարող է իրեն իրավունք վերապահել, որ Հայոց Ցեղասպանությունն արդեն անցյալում է, այժմեական հարց չի, հիշողության լոկ մի մասնիկն է: Այ այդ ժամանակ, այսօր Շուշիի հարցով դիրքորոշում հայտնելուց փախչող ուջանցի Գեւորգ Պապոյանին կտեսնեմ, թե ինչ պատասխան է տալու սասունցի իր նախնիներին:

Այսօր նոր մի պաշտպանական գիծ չզիջելու հարցն է: Լինե՞լ Փաշինյանի ասածին կողմ, թե՞ դեմ: Այս հարցում այլեւս դիրքորոշում պետք է հայտնեն բոլորը՝ սահմագլխին հերոսական կանգնած գյուղացուց, մինչեւ ուսուցիչ, բժշկից մինչեւ պաշտոնյա, պատգամավորից մինչեւ տաքսու վարորդ գեներալից մինչեւ համալսարանի դասախոս, ուսանողից մինչեւ թոշակառու: Բանակի հրամանատարից մինչեւ հասարակական կազմակերպության, քաղաքական կուսակցության ղեկավար:

Ու անկեղծ ասած, ինձ համար այլեւս մարդկային, ազգակցական, ընկերական միջավայրում ապրելակերպը դարձել է այս ջրբաժանով ուրվագծված: Կամ, կամ: Քանզի հավատացած եմ, իմ կողքին լինելով այս հարցում դա քաղաքական, կուսակցական, ճաշակների համապատասխանեցման հարց չէ: Լինում ես հանուն Շուշիի, ասել է ՝Հայրենիքի, թե՞ ընդդեմ Շուշիի ու Հայրենիքի: