416 դիտում, 2021.01.21 17:36

Կառավարությունը նախատեսում է Ոստիկանությունը ներառել նոր ձևավորվող Ներքին գործերի նախարարության կազմում

Կառավարությունը նախատեսում է Ոստիկանությունը ներառել նոր ձևավորվող Ներքին գործերի նախարարության կազմում

Արդարադատության նախարարությունն առաջարկում է կազմավորել Ներքին գործերի նախարարություն։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հարապարակված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է ներքին գործերի նախարարության կազմավորումը և ներկայումս ոստիկանության կողմից իրականացվող մի շարք իրենց բնույթով քաղաքացիական ծառայությունների իրականացումը նախարարության կողմից։ Գործառույթների նման տարանջատումը կհանգեցնի նաև ոստիկանության կողմից կոնկրետ մասնագիտական խնդիրների կատարման վրա շեշտադրմանը։ Նախագծերի այս փաթեթը դրվել է հանրային քննարկման 2021թ.-ի հունվարի 20-ին և առաջարկությունների համար բաց է մինչև փետրվարի 4-ը: 

Ներկայացվող օրենքների նախագծերի համաձայն՝ Նախարարության ենթակա մարմիններ են լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է վարչապետը ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է Հանրապետության նախագահը։ Վերջինս պայմանավորված է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը Հանրապետության նախագահի կողմից նշանակելու սահմանադրական լիազորությամբ։ Այդուհանդերձ, նշանակումը կատարվելու է վարչապետի առաջարկությամբ, որին նախորդում է ներքին գործերի նախարարի միջնորդությունը՝ ոստիկանության պետ, ոստիկանության պետի տեղակալներ նշանակելու վերաբերյալ։ Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։

Նախարարությանը ենթակա քննչական դեպարտամենտի ծառայողներն ունենալու են ոստիկանության ծառայողի օրենսդրական կարգավիճակ և նրանց պաշտոնները սահմանվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով։ Քննչական դեպարտամենտի պետը սահմանվում է որպես գլխավոր խմբի ոստիկանության ծառայողի պաշտոն, որը համապատասխանում է գլխավոր վարչության պետի իրավական կարգավիճակին, իսկ քննչական դեպարտամենտի պետի տեղակալը համապատասխանաբար՝ գլխավոր վարչության պետի տեղակալի կարգավիճակին։ Դեպարտամենտի պետը նշանակվում է ներքին գործերի նախարարի կողմից։ Այդուհանդերձ, ապահովելով քննչական դեպարտամենտի անկախությունը ոստիկանության պետից, քննչական դեպարտամենտը չի ներառվում ոստիկանության կառուցվածքում, ինչը չէր համապատասխանի նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների գործառութային տարանջատմանը, այլ ձևավորվում է որպես Նախարարության ենթակա մարմին։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտին քննչական ենթակայությամբ առայժմ նախատեսվում է հանձնել ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով քրեական գործերի քննությունը։