կարևոր
543 դիտում, 3 ամիս առաջ - 2021-01-21 16:50

Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում. դատարանը բավարարել է հայցը

Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում. դատարանը բավարարել է հայցը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը եւ անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը, նրան վերականգնել նախկին աշխատանքում: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

«Ամատունի Սասունիկի Վիրաբյանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ ` 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, բավարարել:

Ամատունի Սասունիկի Վիրաբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի` 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանը ճանաչել անվավեր:
Ամատունի Սասունիկի Վիրաբյանին վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:Պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ գումար որպես պետական տուրք:

Պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ հայցվոր Ամատունի Սասունիկի Վիրաբյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին»,- նշված է դատարանի վճռում:

Հիշեցնեքն, որ Արդարադատության նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի հրամանով Ամատունի Վիրաբյանը ազատվել էր աշխատանքից: Նա 24 տարեկանից աշխատել է Ազգային արխիվում, վերջին 19 տարին՝ որպես տնօրեն: Նրա զատման հետ կապված ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանն տեղեկացրել էր. «Արդարադատության նախարարությունը ստացված մի շարք դիմում-բողոքների հիմքով ուսումնասիրություն էր սկսել՝ ՊՈԱԿ-ի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով և դրա շրջանակում հարցում կատարել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։

Ստացված տեղեկության համաձայն՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել։

Վերոգրյալը հիմք ընդունելով և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետով՝ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի լիազորությունները դադարեցվել են, և լուծվել է նրա հետ 2015 թվականի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»։