Փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարսում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավարժությանը ներգրավելու են նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ: Ռազմինֆոյի փոխանցմամբ այս մասին հայտնում է թուրքական «Հաբերթյուրք» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ զորավարժություններին նախատեսվում են նաև նոր սպառազինություն մտած կամ դեռ չմտած զինտեխնիկայի դաշտային փորձարկումներ: Թուրքական լրատվամիջոցի ձևակերպմամբ` զորավարժությունը նախատեսում է լինել վերջին ժամանակների ամենամեծ զորավարժություններից մեկը:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով փետրվարին Կարսի նահանգում նախատեսված թուրք-ադրբեջանական ձմեռային զորավարժությունները միտված են նաև, պատկերավոր ասած, հնարավոր երկրորդ Սարիղամիշին նախապատրաստվելուն։
«Հիշո՞ւմ եք՝ Էրդողանը Բաքվի տխրահռչակ զորահանդեսին հիշեց մարդասպան Էնվերին՝ նույն այն ցեղասպանին, որի գլխավորած օսմանյան 3-րդ բանակը 1914-15թթ․ ձմեռային մարտերում Կարսի մոտակայքում գտնվող Սարիղամիշում գլխովին ջախջախվեց ռուսական ուժերի կողմից՝ ոչ միայն չկարողանալով մտնել Այսրկովկաս, այլ նաև ռուսական զորքի առջև բանալով Արևմտյան Հայաստանի դռները»,- գրում է Վարդան Ոսկանյանը։