398 դիտում, 2021.01.21 13:34

Իշխանության հետ որևէ բովանդակային քննարկում բացառված է. Իվետա Տոնոյան

Իշխանության հետ որևէ բովանդակային քննարկում բացառված է. Իվետա Տոնոյան

Այս իշխանության օրակարգ բերած որևէ հարցի շուրջ քննարկումներ չեն կարող լինել, իշխանության հետ որևէ բովանդակային քննարկում բացառված է: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Նախօրեին մենք մասնակցել ենք ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին բացառապես այն նպատակով, որ ևս մեկ անգամ վերահաստատենք մեր օրակարգը, որի մասին բարձրաձայնել ենք՝ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարական և նոր անցումային կառավարության ձևավորման անհրաժեշտություն:

Հարցուպատասխանի շրջանակում բարձրաձայնել ենք բոլոր այն հարցերը, որոնք այսօր մտահոգում և անհանգստացնում են մեր հասարակության ամենատարբեր շրջանակներին, սակայն, ցավոք, պետք է արձանագրենք, որ այդպես էլ հնչեցված հարցերին որևէ կոնկրետ և հստակ պատասխան վարչապետը չտվեց»,- ասաց Տոնոյանը:

«Ես իհարկե շատ լավ հասկանում եմ, որ վարչապետը մանիպուլյացիաներ իրականացնելու գործում իրեն հավասարը չունի, և երեկ մենք ևս անգամ ականատես եղանք այդ գործելաոճին»,- ասաց Տոնոյանը: Նրա խոսքով՝ վարչապետն այդպես էլ չի պատասխանել՝ «Արցախը Հայաստան է և վե՞րջ», թե՞ «Արցախը Հայաստան է, թե՞ վերջ»: