Այս իշխանության օրակարգ բերած որևէ հարցի շուրջ քննարկումներ չեն կարող լինել, իշխանության հետ որևէ բովանդակային քննարկում բացառված է: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Նախօրեին մենք մասնակցել ենք ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին բացառապես այն նպատակով, որ ևս մեկ անգամ վերահաստատենք մեր օրակարգը, որի մասին բարձրաձայնել ենք՝ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարական և նոր անցումային կառավարության ձևավորման անհրաժեշտություն:
Հարցուպատասխանի շրջանակում բարձրաձայնել ենք բոլոր այն հարցերը, որոնք այսօր մտահոգում և անհանգստացնում են մեր հասարակության ամենատարբեր շրջանակներին, սակայն, ցավոք, պետք է արձանագրենք, որ այդպես էլ հնչեցված հարցերին որևէ կոնկրետ և հստակ պատասխան վարչապետը չտվեց»,- ասաց Տոնոյանը:
«Ես իհարկե շատ լավ հասկանում եմ, որ վարչապետը մանիպուլյացիաներ իրականացնելու գործում իրեն հավասարը չունի, և երեկ մենք ևս անգամ ականատես եղանք այդ գործելաոճին»,- ասաց Տոնոյանը: Նրա խոսքով՝ վարչապետն այդպես էլ չի պատասխանել՝ «Արցախը Հայաստան է և վե՞րջ», թե՞ «Արցախը Հայաստան է, թե՞ վերջ»: