կարևոր
1422 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-21 10:36

«ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում. այն ոչ մեկին չի վաճառվել, նվեր չի տրվել

«ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում. այն ոչ մեկին չի վաճառվել, նվեր չի տրվել

«ԱՐ» hեռուստաընկերության տնօրեն Արամ Ղազարյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Սիրելի՝ հեռուստադիտողներ,

2021 թվականի հունվարի 21-ից «ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում՝ գործունեության լիցենզիայի ժամկետը լրանալու պատճառով: «ԱՐ» հեռուստաընկերությունը ոչ մեկին չի վաճառվել, նվեր չի տրվել: Նույնիսկ սարքավորումները և տեխնիկական միջոցները չեն վաճառվելու և նվեր չեն տրվելու:

2003 թվականից սկսած՝ «ԱՐ» հեռուստաընկերությունը, նոր սեփականատերերի ներդրած զգալի ֆինանսների, ջանքերի և ժամանակի շնորհիվ ստեղծել է յուրահատուկ ձեռագիր ունեցող հեռուստաալիք՝ ավելի քան հիսուն հաղորդաշարով:

«ԱՐ» հեռուստաընկերությունը ստանալով նոր կյանք որդեգրեց ազգային, մշակութային և կրթական ուղղվածություն: Մասնավորապես եթեր հեռարձակվեցին հեռուստադիտողի կողմից սիրված այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են «Արարման խորհուրդը», «Վարպետների քաղաքը», «Մեր մեծերը», «Պարզ ճշմարտություններ», «Մենք ենք մեր սարերը», «Ոչ միայն հացիվ», «Վերադարձ», «Մեր երեխաները» և էլի մի շարք ուսուցողական, ժամանցային, երաժշտական հաղորդումներ: Բոլորը չնշելով՝ ասեմ միայն, որ սեփական արտադրության հաղորդումները կազմում էին հեռուստաալիքի ամենօրյա եթերաժամի մոտ 65%-ը:

«ԱՐ»-ն իր գործունեության ընթացքում, սրտացավ և պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի շնորհիվ, միշտ պաշտպանել է ժողովրդի շահերը՝ հավատարիմ մնալով նրա հոգևոր և բարոյական արժեքներին:

«ԱՐ» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծառայությունը միշտ մատուցել է օպերատիվ և անաչառ լրատվություն՝ պահպանելով պետականամետ դիրքորոշումը և ծառայելով մեր ազգային շահերին:

«ԱՐ» հեռուստաընկերությունը հնարավորություն է ընձեռել իր հեռուստադիտողին վայելելու նաև բացառիկ ֆիլմեր:

«ԱՐ» հեռուստաընկերությունն իր հաղորդումներով հեռուստադիտողին ներշնչել է ազգային արժանապատվություն, հպարտություն սեփական պատմության  հանդեպ և օգնել է ժողովրդին ճանաչել ինքն իրեն ու սիրել սեփական հայրենիքը:

Շնորհակալություն այսքան տարի մեր աշխատանքը գնահատելու և մեզ հետ լինելու համար»:

Հարգանքով՝ «ԱՐ» hեռուստաընկերության տնօրեն՝ Արամ Ղազարյան: