կարևոր
2188 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-21 09:32

Փաշինյանի «աննախադեպության» սեւ վիճակագրությունը. «Անկեղծ ասած» Գեղամ Մանուկյանի հետ

Այսօր կարող էի ոչինչ չասել խորհրդարանում Փաշինյանի ելույթներից հետո: Կարող էր մի քանի րոպե պարզապես լռություն լինել մեր եթերում, ու յուրաքանչյուր հեռուստադիտող իր մտքի եկածը կբարձրաձայներ, կարտահայտվեր ու կհանգստանար: Հիշո՞ւմ եք, Խորհրդային միությունում կար մի անեկդոտ. քաղաքացին դատարկ թուղթ է պատին փակցնում: Ոստիկանն էլ հարցնում է՝ ի՞նչ ես անում, պատասխանում է՝ թռուցիկ եմ կպցնում: Բայց, բան չկա գրած վրան, ասում է ոստիկանը: Քաղաքացին էլ հակադարձում է՝ մեկ է, բոլորն էլ գիտեն: Հիմա նույնն է. բոլորն էլ Փաշինյանի արածների, հայրենազկման, պարտության, երկիրը պարտության տանելու, հազարավոր զոհեր տալու, գերեվարումների համար ունեն գնահատականը: Ուղղակի, ինչպես այն ժամանակ ամեն մեկը թռուցիկ չէր փակցնում, թեեւ բոլորն էլ գիտեին թռուցիկի բովանդակույթունը, այնպես էլ հիմա մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունն ունի իր գնահատականը, շատ հաճախ եթերում հնչեցվելու համար չհամապատասխանող բառապաշարով, բայց չի դուրս գալիս փողոց, իր բողոքը, ընդվզումը տարբեր այլ ձեւերով է արտահայտում: Պատերազմի ավարտի գիշերը Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակն առաջին ժամերին այլ էր՝վախեցած, խեղճացած, ամեն րոպե պատրաստ, որ կյանքը մազից է կախված, որն էլ արտահայտվել էր իր չգիտեմ որ մի թաքստոցից կամ նկուղից հեռարձակած ուղիղ եթերով: Հետո քիչ-քիչ փորձեց վիճակը շտկել, բառապաշարը փոխվեց, վարվելաձեւը փոխվեց, անգամ կասկածի տակ դրեց իր մեղավորությունը, հիմա էլ է վիճարկում, անգամ չի ընդունում: Ու այդ ինքնաարդարացումների շարքում սկսել է մեկը մեկից ավելի տխմար ձեւակերպումներ նետել հրապարակ, ինչպես մի քանի անգամ արեց խորհրդարանում՝ արդարացնելով վարչապետի աթոռից իր կառչած մնալը: Հիմա արդեն սկսել է մուննաթ գալ ընդդիմադիրների վրա, թե՝ ինչու՞ են հրաժարական պահանջում, երբ Հայաստանն ունի այդքան ռազմագերի: Թե առաջ էլ գերիներ կային, ու միայն իր իշխանության օրոք է նման ծավալով ռազմագերի վերադարձվել Հայրենիք:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ, ի տարբերություն նախկին տարիների, 2020-ին ամենաշատ թվով գերիներն են Հայրենիք վերադարձվել: Այսինքն, երբ նախորդ տարիներին, թե մոլորվելու, մթության կամ այլ պատճառով, թշնամու ձեռքում էր հայտնվում մեկ-երկու հոգի, ու պետությունն աշխատում էր ետ բերել նրանց, ապա Նիկոլ Փաշինյանը կարողացել է ետ բերել միանգամից 44 հոգու: Սա աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ, եւ կառավարության ձեռքբերումը:

Դիմում եմ այն մարդկանց, որոնք գեթ ամենանուրբ հիմնավորումներով կփորձեն Փաշինյանին արդարացնել: Կրկնում եմ, այսօր Փաշինյանը հպարտանում է, որ ամենաշատ թվով գերիներն է վերադարձրել Հայաստան: Լավ է, որ նախկիններին չմեղադրեց այդ ծավալով գերիներ չվերադարձնելու համար: Ու այսպիսի հայտարարությունից հետո այլեւս միակ միջոցը դիմելն է ժողովրդական բանահյուսությանը, ինպես ենք ասում՝ ու՞մ է էշի տեղ դնում հարցադրումով:

Ինչպես միշտ, դիմում է իր սիրած պառակտիչ գործիքին՝ ընդդիմությունն ամեն անգամ գերիների մասին խոսելիս վնասում է նրանց հետագա ճակատագիրը: Երեկ էլ Խորհրդարանում իր խմբակցության անդամներից շատերը, որոնց Փաշինյանի իսկ կուսակցության խոսնակը համեմատել էր Նիկոլի ուսապարկի հետ, նույն կոչն էին հնչեցնում, թե գերիների մասին մի խոսեք, քանի որ դա պապուլիզմ է, դա շահարկում է ու հանգիստ դեմ էին քվեարկում մի նախագծի, որն անմիջականորեն առնչվում էր գերեվարվածներին: Փաշինյանը մեղադրում է ընդդիմությանը, գերիների, անհետ կորածների թեման շահարկելու մե՞ջ: Լո՞ւրջ: Այն Փաշինյանը, որը Մոսկվա մեկնելուց առաջ իր դեմ ուղղված քննադատություններից պաշտպանվում էր հենց մեր քաղաքացի ռազմագերիներով: Գերիներին ետ բերելուց կամ հարցը լուծելուց հետո միայն Մոսկվայում այլ հարց քննարկելու պատրաստակամությամբ Ռուսաստանի մայրաքաղաք գնացած Փաշինյանն այնտեղ նրանց ուրացավ, անպաշտպան թողեց, թողեց Բաքվի բանտերում: Ստորագրեց ճանապարհների, հաղորդակցությունների մասին հայտարարություն առանց պայմանի, ու անօգնականի տեսքով ասուլիսում բավարարվեց հայտարարելով, թե համաձայնության չեն եկել գերիների հարցում: Հիմա թիրախավորում է ընդդիմությանը, զարմանք հայտնում, թե  գերիների հարցով ինչու՞ են իր հրաժարականը պահանջում, նախկինում չէին պահանջում: Իսկ նախկինի մասին, Փաշինյանը տեղյակ է ամեն ինչից էլ մակերեսորեն, ինչպես եղել է բամբասկոտ թերթի խմբագիր: Նախկինում ինչպես էր արվում գերիների վերադարձը կարող էր առնվազն հարցնել նախկին ժամանակների պատասխանատուներին: Բայց դե անգամ արցախյան բանակցությունների երկար ընթացքի մասին մանրամասները նա ոչ թե Հայաստանի նախկին ղեկավարներից էր լսել, այլ Ալիեւից, ինչի մասին պաշտոնապես ասաց մի առիթով, այնպես էլ մնացյալ բոլոր հարցերում:

Հիմա մի դեպք կպատմեմ այդ նախկին ժամանակներից, թե ինչպես էին մերոնք գերի վերադարձնում: Նախկիններ որ ասում եմ, ոչ թե անգամ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ժամանակներին է վերաբերում, այլ ավելի վաղ, երբ նախագահ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բանտարկությանս տարիներն էին, օրը մինչեւ հիմա էլ հիշում եմ՝ 96 թվականի փետրվարի 5-6: ԱԱԾ մեկուսարանի խցիս դուռը բացվեց, ներս բերեցին մի զինվորի: 18-19 տարեկան: Ո՞վ ես, ի՞նչ ես: Ադրբեջանցի էր, Տավուշի հանդիպակած դիրքերում է ծառայել, ասում է՝ հայերի հետ գալ-գնալ ունեինք, մի օր ձայն տվեցին հայկական կողմից, երկու հոգով եկել են, պարկերը գլուխներն էին քաշել ու բերել էին Երեւան: Անգամ հողաթափերով էր: Շտապ պահանջեցի մեկուսարանի պետի մոտ տանել: Փառք աստծո, նա ողջ է, թոշակի է անցել, կարող է հիմա էլ լսում է: Ասում եմ՝ շեֆ, եղբայրս Արցախում պատերազմում է, դու ո՞նց ես պատկերացնում իմ խցում թուրք զինվոր լինի: Կարճ պատասխանեց, թեւաթափ արեց: Ասում է՝ լսիր, մեր մի զինվորի Բաքվում գնդակահարություն են տվել: Այս երկուսին բերել ենք, դիվերսիայի մեղադրանքով մենք էլ գնդակահարություն կտանք, որ մեր երեխու հետ կարողանանք փոխանակել:

Ահա այսպես են գերիների հարցը լուծել նախկինում: Խորհրդարանի ամբիոններից էլ չեն հոխորտացել ու հպարտացել, անգամ փաշինյանաբար չեն հպարտացել, որ ամենաշատն են ետ բերել: Ամենաշատ զոհն էլ է փաշինյանը տվել, ամենաշատ տարածքներն էլ է փաշինյանը տվել: Շուշինել է փաշինյանը տվել: Դրանք էլ կարո՞ղ է մի օր հպարտության թեմաներ դառնան:

Ու կրկին շահարկումների մասին: Ցավով եմ ասում, այսօր ամենամեծ շահարկողը հենց իշխանությունն է. գերիների, զոհերի, անհետ կորածների: Քիչ է, տվյալներն է դարձրել պետական գաղտնիք, անգամ իր աթոռն է պաշտպանում՝ շահարկելով նրանց հարազատների զգացմունքները: Մի օր էլ դրա հերթը կգա ու կպարզվի ավելի ահավորը: Բանակն է կազմաքանդում, բանակում է ճաքեր առաջացնում հենց այս հարցերը գործի դնելով, դավադիր կերպով, դավաճանաբար: Դրա հերթն էլ կգա: Այդ փաստերն էլ ջրի երես դուրս կգան, հիմա արդեն առաջին փաստերն ակնառու են: Դրա մասին ավելի ուշ:

Իսկ անկեղծ ասած՝ չեմ գտնում մի հարցի պատասխան. հստակ ո՞ր մեղքի համար մեր ժողովուրդն ունեցավ նման փորձություն, ու ի՞նչ զանցանքի համար մեզ պատժում են նման իշխանությամբ: Կոռուպցիայի՞, անարդարությունների՞, ընտակեղծիքների՞, անաստվածությա՞ն, անմիաբանությա՞ն: Բայց չէ՞ որ այդ ամենի պատիժն անհամաչափ է այս իշխանության ավերի հետ: Անգամ այստեղ է անարդարությունը՝ հանցանքն ու պատիժը: