396 դիտում, 2021.01.20 18:37

Թրամփը լքել է Սպիտակ տունը՝ չսպասելով Բայդենի երդմնակալությանը

Թրամփը լքել է Սպիտակ տունը՝ չսպասելով Բայդենի երդմնակալությանը

Հունվարի 20-ին Ջո Բայդենը կստանձնի Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի պաշտոնը: Լիազորությունները կստանձնի նաեւ Քամալա Հարիսը՝ դառնալով ԱՄՆ առաջին կին փոխնախագահը:

Երդմնակալության այս արարողությունը կմնա պատմության մեջ իր ոչ ավանդական ձեւաչափով: Նախ՝ կորոնավիրուսի պատճառով արարողության մասնակիցների թիվը խիստ սահմանափակ կլինի: Հունվարի 6-ին Կապիտոլիումում տեղի ունեցած հարձակումից հետո Վաշինգտոնում մինչ օրս գործում է արտակարգ դրություն եւ պարետային ժամ: Այսօր Կոնգրեսի անվտանգությունը կհսկի  25 հազար զինվորական:

Եվ, իհարկե, Դոնալդ Թրամփի գործոնը: Հեռացող նախագահը չի մասնակցի Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, ինչն ամերիկյան հին ավանդույթի կոպիտ խախտում է: Վերջին անգամ նման դեպք է արձանագրվել 152 տարի առաջ, երբ ԱՄՆ 17-րդ նախագահ Էնդրյու Ջոնսոնը չմասնակցեց հաջորդ նախագահի երդմնակալությանը: Ի դեպ, Ջոնսոնին էլ, ինչպես Թրամփին, Ներկայացուցիչների պալատում իմպիչմենթի էին ենթարկել, սակայն Սենատում նա արդարացվել էր: Թրամփը մեկ ժամ նախագահական ուղղաթիռով հեռացել է Սպիտակ տնից: Որպես նախագահը վերջին կանգառը կատարել է Էնդրյուս ռազմաբազայում՝ հրաժեշտ տալով իր աջակիցներին: Ապա կնոջ՝ Մելանիայի հետ, մեկնել է Ֆլորիդա: Նախագահության վերջին ժամերին Թրամփը ներում է շնորհել 73 մարդու, այդ թվում՝ իր նախկին խորհրդական Սթիվ Բենոնին, որին խարդախության համար մեղադրանք է առաջադրված: Մեղմացվել է եւս 70 մարդու պատիժ:

Նշենեք, որ ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալության արարողությունը Երեւանի ժամանակով կմեկնարկի 21:00-ին: