Այսօր Ջո Բայդենը կստանձնի Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի պաշտոնը: Լիազորությունները կստանձնի նաեւ Քամալա Հարիսը՝ դառնալով ԱՄՆ առաջին կին փոխնախագահը:
Երդմնակալության այս արարողությունը կմնա պատմության մեջ իր ոչ ավանդական ձեւաչափով: Նախ՝ կորոնավիրուսի պատճառով արարողության մասնակիցների թիվը խիստ սահմանափակ կլինի: Հունվարի 6-ին Կապիտոլիումում տեղի ունեցած հարձակումից հետո Վաշինգտոնում մինչ օրս գործում է արտակարգ դրություն եւ պարետային ժամ: Այսօր Կոնգրեսի անվտանգությունը կհսկի շուրջ 25 հազար զինվորական:
Եվ, իհարկե, Դոնալդ Թրամփի գործոնը: Հեռացող նախագահը չի մասնակցի Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, ինչն ամերիկյան հին ավանդույթի կոպիտ խախտում է: Վերջին անգամ նման դեպք է արձանագրվել 152 տարի առաջ, երբ ԱՄՆ 17-րդ նախագահ Էնդրյու Ջոնսոնը չմասնակցեց հաջորդ նախագահի երդմնակալությանը:
Ի դեպ, Ջոնսոնին էլ, ինչպես Թրամփին, Ներկայացուցիչների պալատում իմպիչմենթի էին ենթարկել, սակայն Սենատում նա արդարացվել էր: Իսկ Թրամփն այսօր, մինչ արարողության մեկնարկը, կհեռանա Սպիտակ տնից: Իր նախագահության վերջին ժամերին Թրամփը ներում է շնորհել ավելի քան 140 մարդու, այդ թվում՝ իր նախկին խորհրդական Սթիվ Բենոնին, որին խարդախության համար մեղադրանք է առաջադրված:
Ի դեպ, ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալության արարողությունը Երեւանի ժամանակով կմեկնարկի 21:00-ին: Կլինի նաեւ համերգ, որը կվարի դերասան Թոմ Հենքսը: Ելույթ կունենան Ջենիֆեր Լոպեսը, Լեդի Գագան եւ այլ երգիչներ: