450 դիտում, 2021.01.20 11:10

Անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելը կտուգանվի 0,5 տուգանային միավորով

Անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելը կտուգանվի 0,5 տուգանային միավորով

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ընթացքի ժամանակ ծխելու համար ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և տաքսիների վարորդների նկատմամբ կիրառել 1, իսկ անձնական տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ՝ 0,5 տուգանային միավոր: 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Օրենքի նախագծով նախատեսվում է նաև համապատասխան հոդվածների սանկցիաներում լրացնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու պահանջ: Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, ապա վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում կսահմանվի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն»,- նշել էր Ֆիդանյանը:

Օրենսգրքում նախատեսվում է հստակ ամրագրել, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում:

Օրենքի նախագիծն ընդունվեց 82 «կողմ» և 3 «ձեռնպահ» ձայներով: