կարևոր
429 դիտում, 3 ամիս առաջ --> 2021-01-20 09:35

Փաշինյանի իշխանության կշեռքի անչափելի նժարները. «Անկեղծ ասած» Գեղամ Մանուկյանի հետ

Այսօր Հայաստանի ժողովրդական, չկոռումպացված, հեղափոխական կառավարության եւ ժողովրդի ճնշող մեծամասնության քվեներով 2018 թվականի դեկտեմբերին պատգամավոր դարձած «Իմ քայլը» խմբակցության ջանքերով մեր բնակիչները հերթական նվերը ստացան: Օրենսդրական փոփոխությամբ Հայաստանի վարորդները երախտապարտ պետք է լինեն կառավարությանը, անձամբ Փաշինյանին, որն ամեն րոպե մտածում է քաղաքացու մասին: Հպարտ քաղաքացու մասին: Սիրում է նրան, խոնարհվում է նրա առաջ: Գիտե՞ք ինչու, քանի որ վարորդների բալային համակարգը չի գործելու: Վերջ: Վարորդները խախտում անելուց վկայականներից չեն զրկվի: Թե չէ ի՞նչ էր. անցյալ տարի մի քանի հազար քաղաքացի զրկվել էր վարորդական իրավունքից, զրկվել էին ընտանիք պահելու վերջին գումարից, քանի որ մեծ մասը տուգանվել էր տաքսի վարելիս: Իսկ հիմա իր ժողովրդի մասին մտածող Փաշինյանը ձեռքը սեղանին խփեց ու ասաց. վերջ, մեղք են մարդիկ, այս ի՞նչ թալան է, ինչու՞ պետք է խախտումների համար մարդիկ գումար վճարեն, քիչ է, դեռ զրկվեն էլ վարորդական իրավունքից: Քի՞չ էր առաջ Սաշիկի արագաչափերն ու տեսանկարահանող սարքերն էին քամում մեր հպարտ քաղաքացուն, հիմա էլ բալային համակարգն ենք փաթաթել ժողովրդի վզին: Իհարկե, Սաշիկի արագաչափերի ու կամեռաների մասին 2017-18-ին այդքան շատ բարձրաձայնած ու դրանով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հազար ու մի պատճառաբանություն գտավ, բայց առնվազն հայ վարորդների, տաքսիստների սիրտը հովացել էր այն մտքից, որ արագաչափի ու տեսախցիկի տուգանքները Սաշիկին բաժին չի հասնելու: Վերջ, օլիգարխն էլ չի ստանա այդ փողերը: Իհարկե 2 ու կես տարվա ընթացքում այդպես էլ Սաշիկին կամ պայմանական Սաշիկին այդպես էլ մեղադրանք չառաջադրվեց այդ հարցով: Ավելին, այն թվերին Հայաստանի ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան սպան, որը հիմա պատգամավոր է, Փաշինյանի Իմ քայլը խմբակցության անդամ մի անգամ լրատվամիջոցներին պաշտոնապես ասաց, որ արագաչափն ու տեսախցիկը, դրանց տուգանքը Սաշիկի հետ երբեք կապ չեն ունեցել: Բայց արդեն լսողն ո՞վ էր: Կարեւորը՝ արագաչափն ու տեսախցիկը վերացնելու խոստումը, այդ մասին ներկայիս իշխանավորների, այն ժամանակվա ընդդիմադիրների կոկորդ պատռելը մնում է այսօրվա մեր շատ քաղաքացիների քաղցր հուշերում: Հո զոոռվ չի, Փաշինյանն ու իր կառավարությունը սիրում են ժողովրդին, մտածում են նրա մասին: Ինչպես հիմա, հանում են բալային համակարգը, այլեւս պռավաները չեն խլելու: Իհարկե մասնակի է հանվում, բայց արդեն մարդկանց աչքին դա չի գալիս: Կարեւորը պարբերաբար լուրերով լսելու է, որ բալային համակարգը հանում են: Մնացյալը կարեւոր չէ: Ու գոհ կլինեն մարդիկ: Ու ապրի մեր կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը: Պռավաները չեն խլի: Կգովեն Փաշինյանին:

Ի դեպ, գովք ասողների տատիկների ու պապիկների տարիներին, 50-ականներին կար մի թեւավոր խոսք: Ստալինյան տարիներին երկրի բարձրագույն ղեկավարությունում եղած, Ստալինի մահից հետո Նախարարների խորհրդի նախագահ, ասել է՝ Սովետական Միության վարչապետ դարձած Մալենկովի մասին կար մի քառատող. «Կեցցե ընկեր Մալենկով, մեզի տվեց 25 ոչխար, երկու կով»: Ոչինչ, որ նրա օրոք հարյուր հազարավորները գնացել էին սիբիրներ, միլիոնավորները զոհվել էին պատերազմում, միլիոնավորները գնդակահարվել էին: Կարեւորը՝ 25 ոչխար, երկու կովն էր:

Իսկ գալով բալային համակարգին: Այսօր խորհրդարանում այդ համակարգը ներկայացնելիս՝ պատգամավորները լռել էին: Մեկ տարի առաջ, իշխանական պատգամավորները հազար ու մի հիմնավորումներով պաշտպանում էին երթեւեկության հարցում խստացումներ մտցնելը, վկայականները համատարած խլելը: Հիմա լուռ էին: Ինչու՞: Այս որոշումը 2019 թվականին հենց ներկա կառավարությունն ու խորհրդարանն էին կայացրել, բայց այսօր վախեցան, որ դրա գործարկումը, որով հազարավորները կզրկվեն վարորդական վկայականներից մեծ դժգոհություն կառաջացնի հանրության: Կառավարությունը լավ էլ զգում է, ինչը կարող է սոցիալական դժգոհության հանգեցնել: Երկու տարի առաջ դրանով չէին մտահոգվում, անցյալ տարի դրանով չէին մտահոգվում, բայց ահուսարսափի մեջ են ամեն մի նման դժգոհությունից: Հաշվարկեցին ու հասկացան. վերացնեն այդ խստացումը, միայն վարորդը դժգոհ չլինի, տաքսիստը դժգոհ չլինի:

Իհարկե վաղը դժգոհելու է էլեկտարէներգիայի թանկացումից, այդժամ դրա հարցով էլ կփորձեն բերանները փակելու համար քայլեր անել: Մարդիկ կդժգոհեն, որ ձեթը մի քանի հարյուր դրամով թանկացել է, ալյուրը, շաքարավազը, այլ ապրանքներ: Դրան էլ մի լուծում կգտնեն: Կառավարության սոցիալական հոլովակներն առավոտից գիշեր կպտտեցնեն, թե այսքանի սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացնում: Թանկանում է, բայց դե թոշակը 1000 դրամով բարձրացրել են: Հասկանու՞մ եք. կառավարությունը վախեցավ վարորդների դժգոհությունից, բայց նույն կառավարությունը, Ազգային Ժողովի իշխանական խմբակցությունը, հանգիստ է տանում, որ բոլորիցս խլվեց հայրենիքի 70 տոկոսը, խլեցին Շուշին, Հադրութը, հերոսական Քարինտակը: Չեն վախենում, որ կարող է ժողովուրդն ընդվզի, երբ իր քաղաքացիներից իշխանությունը գաղտնի է պահում այս պատերազմում զոհված մեր հայրենակիցների, մեր զավակների, եղբայրների, հայրերի ու պապերի ընդհանուր թիվն ու չի հիշում անուն առ անուն: Այս իշխանությունը գաղտնի է պահում անհետ կորածների թիվը, չի վախենում իշխանությունը ժողովրդի զայրույթից, երբ ուղղակի խայտառակ է աշխատել ու մինչեւ վերջ չի պայքարել գերության մեջ հայտնված իր զինվորների, քաղաքացիների համար:

Այս իշխանությունը վախենում է վարորդական վկայականը խլելու պատճառով ժողովրդային դժգոհությունից, բայց չի վախենում, որ  իր գործունեությամբ խլել է մեր ժողովրդի արժանապատվությունը, անցյալը, հաղթանակը, մեր նահատակների ձեռքբերումները:

Ծայրահեղացնու՞մ եմ: Ինչու՞: Երբ վախեցավ բալային համակարգը ներդնելը, բայց չի վախենում պատերազմում խայտառակ ռազմա-քաղաքական պարտության համար, հայրենիք կորցնելու համար: Հույս ունի, որ կգտնի արդարացումներ, կգտնի ոչ իր շրջանակներից թշնամիներ, դավադիրներ: Ու մարդիկ էլ կամ նրանց մի մասը կհամակերպվի կգտնի արդարացումներ: Կարեւորն իր վարորդական վկայականն այլեւս չեն խլի խախտումների համար: Նիկոլ Փաշինյանը չի խլի: Իսկ հայրենիքը՞: Բայց դե իշխանությունում հույս ունեն, որ վարորդական վկայականի համար համաժողովրդական ըմբոստություն կլինի, իսկ հայրենիքի կորստի՞: Դուրս կգան նրանք, ում համար թանկ է երկիրը: Միայն: Ծայրահեղացվա՞ծ է համեմատությունս:

Այսօր, երբ այս բալային համակարգի փոփոխության մասին խոսելիս տեսա իշխանությանը, երբ մի շարք փաստեր վկայում են, որ իշխանություններն արագ մի քանի պոպուլիստական օրենսդրական նախաձեռնություններ են բերում խորհրդարան, ու շարունակում են մնալ վարչապետ, նախարար, պատգամավոր, ուրեմն, սոցիալական դժգոհությունից են վախեում, ու ոչ թե երկրին դավաճանելու մեղադրանքից ու հայրենիք կորցնելու համար պատասխանատվությունից:

Խոստացել եմ անկեղծ խոսել: Քանի սա է մեր երկրում, հանրային լայն շրջանակներում տրամադրությունները: