416 դիտում, 2021.01.19 12:05

Տուգանային միավորների համակարգի կիրառումը հետաձգվում է մինչև 2022 թ. հուլիսի 1-ը

Տուգանային միավորների համակարգի կիրառումը հետաձգվում է մինչև 2022 թ. հուլիսի 1-ը

Վարորդների նկատմամբ տուգանային միավորներ չեն կիրառվի մինչև 2022-ի հուլիսի 1-ը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում երկրորդ ընթերցումից առաջ փոփոխությունների նախագիծը։

«Նախագիծը նպատակ ունի ապահովելու ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշաճ գործարկումը՝ կանխարգելելու ճանապարհային երթևեկության կանոնների հնարավոր խախտումները վարելու իրավունք չունեցող անձանց կողմից, ինչպես նաև երաշխավորելու չարամտորեն կատարվող խախտումների դեպքում պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը»,- ներկայացրել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքով քննության ենթակա գործերով։

Ֆիդանյանի նշել է` ՃՏՊ-ների առիթ շատ հաճախ դառնում է վարորդի` հեռախոսով խոսելը կամ անգամ ծխելը։

«Մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ վարորդի ծխելու պատճառով վթարներ են տեղի ունենում, երբեմն՝ ծանր հետևանքներով»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ 2020-ի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը։ Համաձայն համակարգի` Հայաստանում յուրաքանչյուր վարորդի տրվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 9 բալ տուգանք։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդը սպառել է բոլոր 9 միավորները, նրան կես տարով զրկում են վարորդական իրավունքից։