կարևոր
1788 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-18 16:36

Ջրատարում հայտնաբերված 86-ամյա կնոջ դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել

Ջրատարում հայտնաբերված 86-ամյա կնոջ դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել

2020թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 21:55-ին, Նոր Երզնկա գյուղի բնակչուհուց հաղորդում է  ստացվել այն մասին, որ իր 86 տարեկան մայրը տանից դուրս է եկել անհայտ ուղղությամբ եւ այլեւս չի վերադարձել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տարեց կինը չի հայտնաբերվել, ուստի՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ 2020թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը, իրականացվել են օպերատիվ-որոնողական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաեւ՝ անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են վկաներ:

2021թ. հունվարի 17-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի վարչական տարածքի ամառանոցների հատվածով անցնող Արզնի-Շամիրամ ջրատարում տարեց կնոջ դի կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ դեպքի վայրի զննությամբ, Արզնի-Շամիրամ ջրատարի մեջ՝ ձախ կողային հատվածով դեպի սառույցի մեջ,  հայտնաբերել Նոր Երզնկա գյուղի անհետ կորած 86-ամյա կնոջ դին:

Դիակի մասամբ սառցապատ լինելու պատճառով հնարավոր չի եղել իրականացնել արտաքին զննություն, սակայն պարանոցի առաջային եւ աջակողմյան տեսանելի հատվածներում վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել են փորձանմուշներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մահվան պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ: