29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Արցախի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքի բնակիչներին գումարային աջակցություն տրամադրելու հարցը կարգավորվել է, 250 հազար դրամի չափով աջակցության ծրագիրը կվերաբերի նաև նրանց: Ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող, Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Վիրաբյանը:
Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառման շրջանակում իրականացվում է 300 հազար դրամի չափով և 250 հազար դրամի չափով սոցիալական աջակցման ծրագիր:
«Համապատասխան ցուցակների կազմումը կատարվում է Արցախի տարածքային կառավարման նախարարության կողմից՝ հիմք ընդունելով տվյալ շրջանների վարչակազմի, գյուղապետերի տված տեղեկանքներն ու ցուցակները: Խոսքը վերաբերում է հաշվառված լինելուն և փաստացի բնակվելուն: Այն ընտանիքներին, որոնց տները թշնամու տիրապետության տակ են մնացել, նախատեսված է 300 հազար դրամ, Արցախում իրենց տունը կորցրածներին՝ 250 հազար դրամ: Հիմա Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչների դեպքում սահմանվել է 250 հազար դրամի չափով աջակցություն, քանի որ այդ համայնքները թշնամու տիրապետության տակ չեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղահանված բնակիչներից բողոք-դիմումներ էր ստանում, ըստ որոնց, որոշ բնակավայրերի, օրինակ՝ Բերձորի բնակիչները չեն ստանում գումարային աջակցությունը: