կարևոր
1643 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-18 13:20

Թուրքերը 6 մլն թուրքական լիրայով ևս մեկ հին հայկական եկեղեցի են վաճառքի հանել

Թուրքերը 6 մլն թուրքական լիրայով ևս մեկ հին հայկական եկեղեցի են վաճառքի հանել

Թուրքիայում շարունակում են քրիստոնեական եկեղեցիների ու մշակութային կոթողների վաճառքի կամ դրանց ախոռի վերածման քաղաքականությունն ու գործունեությունը, գրում է ermenihaber.am-ը:

Նախորդ շաբաթ թուրքական առևտրային կայքերից մեկում Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին 6 մլն թուրքական լիրայով վաճառքի հանվելուց հետո նախօրեին «Sahibiden.com» կայքում վաճառքի է հանվել Բուրսայի մյուս հայկական եկեղեցին։ Վերջին եկեղեցու համար հայտարարություն տեղադրող անձը վաճառքի համար  6 մլն 300․000 թուրքական լիրա է սահմանել։ 

Հայտարարությունում, որտեղ մանրամասներ չկան եկեղեցու անվան և վայրի մասին, նշվում է, որ պատմական եկեղեցին կարող է ծառայել որպես մշակույթի-արվեստի կենտրոն, թանգարան կամ հյուրանոց։ 

«Վաճառքի է հանվել Բուրսայի շրջանում գտնվող և մասնավոր սեփականության կարգավիճակ ունեցող պատմական եկեղեցին։ Եկեղեցին, որը կառուցվել է այստեղ ապրող հայերի համար, փոխանակությունից (1923թ․ հույն-թուրքական բնակչության փոխանակություն) հետո բնակիչների հեռանալու պատճառով անցել է մասնավոր սեփականության և 1923թ․ ի վեր մի որոշ ժամանակ շահագործվել է որպես ծխախոտի պահեստ, այնուհետև կարի ֆաբրիկա»,-ասվում է հայտարարությունում։

Նշենք, որ մինչև 1915թ. Բուրսայում և հարակից շրջաններում եղել է 17 հայկական եկեղեցի (Սբ. Աստվածածին, Սբ. Հրեշտակապետ, Սբ. Սարգիս, Սբ. Թադևոս Բարդուղիմեոս, Սբ. Հակոբ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Կարապետ  և այլն):