կարևոր
1766 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-18 13:06

Նավալնին նախօրեին Մոսկվայի «Շերեմետեվո» օդանավակայան ժամանելուն պես ձերբակալվել է

Նավալնին նախօրեին Մոսկվայի «Շերեմետեվո» օդանավակայան ժամանելուն պես ձերբակալվել է

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին նախօրեին Մոսկվայի «Շերեմետեվո» օդանավակայան ժամանելուն պես ձերբակալվել է՝ պայմանական պատժի կանոնները խախտելու համար: Նավալնին Մոսկվա էր հասել Գերմանիայից, որտեղ օգոստոսից սկսած բուժում էր ստանում՝ թունավորման փորձից հետո:

Գերմանացի բժիշկների պնդմամբ՝ Նավալնիին թունավորել էին «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ինքը՝ Նավալնին, մեղադրում է պաշտոնական Կրեմլին, սակայն Ռուսաստանի իշխանությունները հերքում են այս գործի հետ որեւիցե կապը:

Ի դեպ, այն օդանավը, որում գտնվում էր Նավալնին, պետք է վայրէջք կատարեր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, սակայն այնտեղ հավաքվել էին ընդդիմադիր գործչի աջակիցները: Ենթադրաբար, հնարավոր միջադեպերից խուսափելու համար օդանավը վայրէջք էր կատարել «Շերեմետեւոյում»: Իսկ «Վնուկովոյում» Նավալնիի մի շարք աջակիցների ոստիկանները բերման են ենթարկել:

Հիշեցնենք, որ Նավալնիի՝ Բեռլինում գտնվելու ընթացքում, Ռուսաստանի Քննչական կոմիտեն նրա դեմ քրեական գործ էր հարուցել՝ մեղադրելով Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի միջոցները ոչ նպատակային ծախսելու համար: Դեկտեմբերի 29-ից նա դաշնային հետախուզման մեջ էր: Չնայած, իմանալով իր հավանական ձերբակալության մասին, Նավալնին, միեւնույնն է, հայտարարել էր, որ վերադառնում է հայրենիք:

Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը պահանջել են Մոսկվայից ազատ արձակել ընդդիմադիր գործչին: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օտարերկրացի գործիչներին խորհուրդ է տվել հարգել միջազգային իրավունքը եւ զբաղվել իրենց երկրների խնդիրներով: