484 դիտում, 2021.01.16 14:53

Ժամանակավոր կառավարության առաջին խնդիրը երկրում կայունություն և համերաշխություն հաստատելը, թշնամանքին վերջ դնելն է. Իշխան Սաղաթելյան

Ժամանակավոր կառավարության առաջին խնդիրը երկրում կայունություն և համերաշխություն հաստատելը, թշնամանքին վերջ դնելն է. Իշխան Սաղաթելյան

Ժամանակավոր կառավարությունը պետք է երկրում հաստատի հասարակական համերաշխություն, կայունություն, արագ ձեռնամուխ լինի հայրենիքի սահմանների պաշտպանությանն ու անվտանգությանը: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, «Հայրենիքի փրկության» շարժման մարզային հանդիպումների շրջանակում Վանաձորում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայրենիքի փրկության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: «Այս մարդը կառչել է աթոռից, պոկ չի գալիս և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման»,-ասաց նա:, 

«Մեր ճանապարհային քարտեզը հետևյալն է՝ մենք առաջարկել ենք, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար վարչապետը հրաժարական տա, ստեղծվի անցումային կառավարություն, որը պետք է մեկ տարվա ընթացքում լուծի մեր երկրի համար շատ կարևոր խնդիրներ: Այդ ժամանակավոր կառավարությունը պետք է լինի պրոֆեսիոնալներից կազմված՝ իրենց ոլորտում գիտակ և հաջողակ: Ժամանակավոր կառավարության առաջին խնդիրը երկրում կայունություն և համերաշխություն հաստատելը, թշնամանքին վերջ դնելն է:

Երկրորդը՝ ձեռնամուխ լինի մեր հայրենիքի սահմանների պաշտպանությանը և անվտանգությանը: Այսօր մեր երկիրն անտեր է:

Երրորդ՝ ժամանակավոր կառավարությունը շատ արագ պետք է ձեռնամուխ լինի կարգավորել հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակիցների հետ: Պետք է ունենանք կայուն և վստահելի հարաբերություններ մեր ռազմավարական դաշնակիցների և բարեկամների հետ:

Չորրորդ՝ պետք է կանխի պետական համակարգի քայքայումը: Հաջորդը՝ մեր երկրին սպասում է սոցիալ-տնտեսական աղետ և սա չափազանցություն չէ: Այս կառավարության գոյության դեպքում սա շատ արագ դառնալու է իրականություն: Այս մարդու իշխանության դեպքում Հայաստանում չեն լինելու ներդրումներ, մեր տնտեսությունը փլուզվելու է, բանկային համակարգը կործանվելու է: Այդ մարդը հանուն իր աթոռի պատրաստ է երկիրը տանելու վերջնականապես տանել դեպի անդունդ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Որ պահից մենք համակերպվենք մեր կորստի հետ, այս ծնկի եկած վիճակն ընդունենք, այդ պահից մենք, իբրև պետություն, իբրև ժողովուրդ, դատապարտված ենք ոչնչացման: Այսօրվա քաղաքական իշխանությունը հայրենիքի մի մասը հանձնելուց հետո ամենաբարձր մակարդակով հասարակական տրամադրություններ է ստեղծում, փորձում հասարակությանը տրամադրել՝ «թուրքերի հետ սիլի-բիլի անելու», հայտարարեց Սաղաթելյանը:։

«Մենք պետք է մերժենք սա։ Այո, գալու է ժամանակը մեր կորցրածը վերադարձնելու», - ասաց Սաղաթելյանը։ Փակելով հանդիպումը՝ Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ պայքարը կանգ չի առնելու, և հասնելու են հաղթանակի՝ հանուն հայրենիքի և հանուն պետութան:

Ֆոտոշարք