596 դիտում, 2021.01.16 14:40

Փաշինյանի վարչապետության ընտրությունը նշանակում է վերաարտադրել իշխանությունը, դա նոր խաբկանք է. Վազգեն Մանուկյան

Փաշինյանի վարչապետության ընտրությունը նշանակում է վերաարտադրել իշխանությունը, դա նոր խաբկանք է. Վազգեն Մանուկյան

Հնարավոր էր ու պետք էր պատերազմը կանգնեցնել: Վանաձորում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ՝ տվել են մերոնք, այդ ամենը արդեն վկայություններով ապացուցված է»,-ասաց Մանուկյանը։ Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարությունը կարող էր լինել ավելի բարենպաստ, նման հայտարարությունը ստորագրելով՝ Հայաստանը մտավ կործանարար խաղաղության մեջ։

Վազգեն Մանուկյանի խոսքով` գործող կառավարությունը մի շարք բացթողումներ է ունեցել պատերազմին նախորդող շրջանում, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո: Մանուկյանը նշեց, որ ճիշտ քաղաքականության շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել պատերազմից, պահել հայկական կողմին պատկանող ամուր դիրքերը, ինչպես նաև մի շարք հայանպաստ կետեր ներառել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարությունում:

«Զգացվում է, որ հայկական կողմը ոչ մի քաղաքական բանակցություն, առևտուր չի արել՝ լավացնելու այդ փաստաթուղթը, ավելին, մանրամասն հետևելով ռազմական գործողություններին, Ալիևի հայտարարություններին՝ ես մի բան կարող եմ պնդել, որ ամսի 8-ի ու 9-ի կողմերը ադրբեջանական բանակն ինքն էլ պահանջ ուներ դադարի, զենքը իրենց մոտ շատ էր, զինվորները շատ էր, բայց իրենց մոտ էլ կար հոգնածություն ու ներքին դժգոհություն, դա այն վիճակն էր, որ մենք կարող էինք լուրջ առևտուր անել ու շատ նվաստացուցիչ կետեր հայտարարության մեջ չէին լինի»,-ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն։

Իշխանությունը պետք է փոխվի ժողովրդի միջոցով, այդ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի: Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

Խոսելով արտահերթ ընտրությունների մասին՝ Մանուկյանն այն կեղծ գաղափար անվանեց՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության ընտրությունը նշանակում է վերաարտադրել իշխանությունը, դա նոր խաբկանք է. «Նիկոլ Փաշիինյանը միայնակ չէ, ունի թիմ, դա «Իմ քայլը» չէ, դա մոտ 20 հոգանոց մարդիկ են, որոնց մի զգալի մասը տարբեր երկրների լրտեսներ են, որոնք իրականացնում են դրսի ծրագրեր, որոնց գաղափարները հարիր չեն մեր ժողովրդին:

Երբ ես ասում եմ, որ իշխանությունը պետք է փոխվի, միայն Նիկոլին նկատի չունեմ: Իրենք կարող են խաբեբայություն անել, կարող են մեկին փոխարինել մյուսով, չնայած Նիկոլի նման չեն գտնի»:

Մանուկյանը հայտարարեց, որ երկրի ղեկավար ընտրելիս պետք է առաջնորդվել մի քանի ցուցանիշով, այդ մարդը պետք է գոնե բարձրագույն կրթություն ունենա, ինչ-որ տեղ աշխատած լինի, որպեսզի հնարավոր լինի գնահատել, այդ մարդը պետք է ազնիվ լինի, ինչը պետք է ապացուցված լինի. «Նիկոլ Փաշինյանն ամենակոռումպացված թղթակիցներից է, բոլորը դա գիտեն:

Երկրի ղեկավարը նաև պետք է նվիրված լինի իր ժողովրդին ու պետությանը: Ես համոզված եմ, որ մենք հաղթելու ենք, քանի որ այլ ճանապարհ չկա, եթե իշխանությունը չփոխենք, Հայաստանը դատապարտված է»: