կարևոր
2486 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-15 12:36

ՀՌՀ-ն բաշխեց հանրապետական և մայրաքաղաքային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները

ՀՌՀ-ն բաշխեց հանրապետական և մայրաքաղաքային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները բաշխեցին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթին և հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ձևավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին դիմած հեռուստաընկերությունների միավորները: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ հանրապետական սլոթերի քանակը դարձել է 5, իսկ մայրաքաղաքային սլոթերինը` 7:

«Դեկտեմբերի 30-ին կնքվեց միջկառավարական պայմանագիր` Հայաստանի և Ռուսաստանի միջև, որի համաձայն` ռուսական մեկ հեռուստաալիք ստանում է հանրապետական ծածկույթ, և երկու հեռուստաալիք ստանում են մայրաքաղաքային սփռման արտոնագիր, այդ պայմանագրից հետո հանրապետական սլոթերի քանակը դարձել է 5, իսկ մայրաքաղաքային սլոթերինը` 7»,- ասաց Հակոբյանը:

Հանրապետական սփռման մրցույթին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 12 հեռուստաընկերություն, որից 3-ը դիմել էին միայն հանրապետական սփռման մրցույթին, իսկ 9-ը` միաժամանակ հանրապետական և մայրաքաղաքային:

«Միայն մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 4 հայտ, սակայն հունվարի 8-ին «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությունը, իսկ հունվարի 13-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները ներկայացրին իրենց դիմումները, որով նրանք հետ կանչեցին իրենց հայտերը, ուստի չեն մասնակցում այս մրցույթին»,- նշեց Տիգրան Հակոբյանը:

Հանձնաժողովը միավորները բաշխել է հետևյալ կերպ.

Հանրապետական ծածկույթ`

  1. «Արմենիա TV» ՓԲԸ- 713 միավոր
  2. «Հուսաբեր» ՓԲԸ (Երկիր Մեդիա)- 688
  3. «Շանթ» ՍՊԸ- 680
  4. «ATV» ՍՊԸ- 670
  5. «Մուլտիմեդիա կենտրոն TV» ՓԲԸ- 663
  6. «Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք)- 657
  7. «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ- 626
  8. «Արմնյուզ» ՓԲԸ- 613
  9. «Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+)- 545
  10. «Freenews» ՍՊԸ- 531

Մայրաքաղաքային ծածկույթ`

  1. «Արփի մեդիա» ՍՊԸ- 542
  2. «Դար 21»- 492
  3. «Մո TV մեդիահոլդինգ» ՓԲԸ- 463
  4. «Շանթ սպորտ» ՍՊԸ- 216

«Ամենաբարձր թվանշանները հավաքած հեռուստաընկերությունները լրացնում են հանրապետական մուլտիպլեքսը, այն հեռուստաընկերությունները, որոնք ավելի քիչ միավոր են հավաքել, նրանք տեղ են զբաղեցնում մայրաքաղաքային մուլտիպլեքսում»,- նշեց Տիգրան Հակոբյանը: