կարևոր
1109 դիտում, 3 ամիս առաջ --> 2021-01-15 09:30

Բանակը նիկոլական արշավի թիվ մեկ թիրախում. «Անկեղծ ասած» Գեղամ Մանուկյանի հետ

Բանակը նիկոլական արշավի թիվ մեկ թիրախում. «Անկեղծ ասած» Գեղամ Մանուկյանի հետ

2018 թվականի գարնանը, երբ իշխանափոխության շարժումը դեռ նոր էր մեկնարկում, բարեկամներիցս մեկը, որը քաջածանոթ էր Հայաստանում այսպես կոչեմ հասարակակական կազմակերպությունների նիստուկացին, աշխատաձեւին, մի առիթով բորբոքված ընդվզեց, թե մարդիկ չեն հասկանում. իշխանության այս ձգտողները կառուցելու որեւէ ցանկություն, ծրագիր չունեն, իրենց ողջ գաղափարախոսությունը քանդելն է, կազմալուծելը, փլելը: Բոլոր գործող կառույցները՝ պետական համակարգը, Բանակը, Եկեղեցին, ընտանիքը թիրախում են լինելու: Անցան ամիսներ ու ամեն օր, ամեն հերթական իշխանական նախաձեռնություն դրա վկայությունն էր: Մեծ-մեծ բառերի, ելույթների, կարգախոսների գործադրմամբ համակարգերի փլուզումն էր, որ ծայր էր առել Հայաստանում:

Մեկ այլ առիթով առավել համադրված կխոսենք այդ մասին: Սակայն երեկ Հանրային հեռուստատեսությամբ Նիկոլ Փաշինյանի մերձագույն պաշտոնյաներից մեկի հարցազրույցը վկայեց, թե ինչպիսի ճշգրտությամբ են փլուզել, կազմաքանդել, փոշիացրել, այն մեծագույնը, որ ունեինք, որով հպարտանում էր հայությունը: Խոսքը Զինված ուժերի, մեր պաշտպանության մասին է, որին հասցված վնասը երեկ պարզորոշ արտահայտվեց Հայաստանի ամենապահանջված պաշտոնյայի թեկնածու, բոլոր բազկաթոռներով շրջող Ազգային Անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հարցազրույցում: Չեմ կենտրոնանա նրա պատմությունների, ասածների հավաստիության վրա: Բայց այն ամենն ինչ ներկայացրեց ԱԱԾ նախկին պետը պարզում է այն ողջ ողբերգությունը, որն եղել է պատերազմի ընթացքում, դրանից առաջ, ու պատերազմից հետո:

Շուշիի պաշտպանության նկարագրությունը լսելիս՝ տպավորություն ես ստանում, որ Հայոց Բերդաքաղաքի համար չի մարտնչել կանոնավոր բանակ, բացակայել է ռազմական կենտրոնացյալ ղեկավարում, ամեն մեկը գործել է իր ճաշակով, քմահաճույքով, կամավորական ինչ-որ խմբերով: Քարամյանն էլ, մեր ազգային անվտանգության համակարգի թիվ մեկ երբեմնի պատասխանատուն, վազվզել է դիրքերով, մեկին՝ ռացիա է հասցրել, մյուսին՝ վիրակապ, այնպես ինքնաբուխ, ըստ ցանկության, պահի թելադրանքի: Սա միակ դեպքը չէ, միակ պատասխանատու հարցազրույցը չէ, միայկ ելույթը չէ, որ վեր է հանում այն հանցագործ պատկերը, երբ պետությունը, վարչապետի գլխավորությամբ իր քայլերով, որոշումներով, ռազմակոչերով ուղղակի փլուզել է միասնական պաշտպանական համակարգը, մեկ, կենտրոնաձիգ կառավարումը, դարձրել քաոսային մի վիճակում ինքնապաշտպանվող մարդկանց առանձին խմբեր:

Այդ հանցավոր գործունեության մասին ահազանգեր հնչեցին դեռ պատերազմի օրերին, Նիկոլ Փաշինյանի մի քանի անգամ արված ռազմակոչ ելույթների ժամանակ, թե ի՞նչ է նշանակում կոչով դիմել կուսակցություններին, հասարակակակն կազմակերպություններին, մարզպետարաններին, համայնքապետարաններին առանձնակի ջոկատներ կազմել ու մեկնել առաջնագիծ: Դրա պտուղները, ավելի ճիշտ ավերը, մարդկային ահռելի կորուստները տեսանք պատերազմի հատկապես վերջին շրջանում, ու նաեւ՝ զինադադարի հաստատումից հետո: Դեռ այս հարցը, վստահ եմ, մի օր դառնալու է ռազմական, իրավական, բարոյական ու քաղաքական հետաքննության ու նաեւ ծանր եզրակացությունների եւ հեւտևանքների համար պատասխանատվության կանչելու մի ամբողջական գործընթաց:

Հիմա հարցը, շարունակվող ավերը կանգնեցնելն է: Ավեր, որ շարունակվում է գործվել երկրի բարձրագույն ղեկավարության կողմից՝ վարչապետի աթոռը զբաղեցնողի անմիջական կառավարմամբ: Ողջ պատերազմի ժամանակ, հակառակ պաթոսային հաղթելու ենք քարոզչության, անդադար տարվեց դավաճանության գիծը, բայց սլաքը միշտ ուղղելով հենց զինված ուժերի ներկա ու հատկապես նախկին բարձրագույն հրամանատարական կազմին: Քարոզչությունը ակնառու էր, քաոսային պատշպանությունն էր դառնում հերոսականության խորհրդանիշ: Այդտեղ էլ առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում փաշինյանների ընտանիքը: Վայ, տղան կամավոր գնաց, վայ կինը ջոկատ կազմեց, առաջնագիծ մեկնեց: Ամեն ինչ կենտրոնացավ այս թատերականացված դրվագների վրա, ու անդադար դավաճանություն, դավաճաններ, դասալիքներ կրկնվող հանգերգը Փաշինյանի կողմից: Հետո արդեն զինադարդարից հետո իշխանական քարոզչամեքենայով, արբանյակներով, ֆեյքային հսկայական բանակով, իշխանական շրջանակներով նույն քարոզչական գիծն էր, որ տարվում էր ու շարունակվում է տարվել՝ մեղավորների փնտրտուք, բայց՝ զինված ուժերում:

Այս հարցը դեռ տեւական մասնագիտական քննարկման ու ուսումնասիրության կարոտ է: Բայց միտումնավոր, ծրագրված, հետեւողական սլաքներն ուղղվում են հենց զինված ուժերին: Գերիների՞ն եք ուզում՝ գնացեք պաշտպանության նախարարություն, ձեր զավակների աճյուններն եք փնտրո՞ւմ՝ պաշտպանության նախարարություն ու բանակ, զոհ եք ունեցել՝ մեղավոր են միմիայն հրամանատարները, վախենու՞մ եք ձեր զավակների ապագայի համար՝ շրջափակեք Վազգեն Սարգսյան ակադեմիան, բոլորի պատասխանատուն հենց բանակն է, զինված ուժերը, պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության նախարարությունն էլ նորանշանակ նախարարով, ուղղակի դարձել է փաստերն արձանագրող, գլուխը կախ հարվածներն ընդունող, մաղձն իր վրա վերցնող, Նիկոլ Փաշինյանից հարվածները մի կողմ քաշող շանթարգելի դեր ստանձնած ամորֆ մի համակարգ: Միայն այն, որ այստեղ տեւական ժամանակ չկային փոխնախարարներ, ու հիմա էլ թերի է, չկա մամուլի քարտուղար, որը կարողանակ հանրության հետ աշխատի, արդեն խոսուն փաստ է:

Իշխանությանն ու վարչապետի աթոռը զբաղեցնողի համար կարեւոր հարցը լուծվում է, իրենից բոլոր պահանջներն ու հարցերը հեռանում են, հեռացվում են: Նա ի՞նչ, կողքից նայում է: Հետո արդեն, երբ որդուն բանակ ճանապարհողի ծնողը, ինչպես հիմա է, բացեիբաց հայտարարում է, թե Արցախ որդուն չի ուղարկի, վաղն էլ կասի՝ սահման չի ուղարկի, մարտական հենակետում կանգնելուն դեմ է, թերեւս Փաշինյանը հույս ունի, իր իշանության լինելու դեպքում արձանագրի՝ սիրելի ժողովուրդ, դուք չեք ուզում ծառայել, բանակն էլ մեզ պետք չի: Սահմանն էլ պետք չի, Արցախի մասին ընդհանրապես չմտածենք: Փաշինյանը շարունակում է փլուզումը, ինչպես մեկ կամ երկու տարի առաջ՝ զինվորականության գլխատումից, ամեն ինչ շուի վերածելուց, մինչեւ լոկ հանդերձանքի փառատոնի վերածված պաշտպանունակությունն ու բանակը գաստրոբակ դարձնելը:

Համակերպվե՞լ այս իրականության հետ, թե՞ ուղղակի մեր երկրի ապագայի, պաշտպանունակության, անվտանգության մասին մտածողների զորաշարժ: Ի վերջո՝ քաղաքական իշխանության այս հարձակողական, ավերիչ քաղաքականության պայմաններում, բանակը դարձել է դիտորդը, համակերպվողը, ատամները կռճտացնելով այս քայքայիչ վիճակում ինչ-որ բան փրկելու փորձ անողը: Բայց չէ՞ որ պատասխանատուն նրանք են, պատասխանատվությունն է նրանցը՝ բարոյական, կանոնադրական, մասնագիտական, մարտական ուղով թելադրված, իրենց նահատակված բյուր զինակից ընկերների հոգով պարտադրված:

Պետք է հիշեմ մի դեպք, որը թերեւս հեռուստադիտողներից շատերին հայտնի չէ: 2018 թվականի սետմբեր 21: Փաշինյանական իշխանությունն առաջին անգամ իր պաշոտնների բերումով նշելու էր Հայաստանի անկախության 27 ամյակը: Գյումրի, Սեւ բերդ կոչվող ամրոց: Չտես նոր պաշտոնեությունը լցված է դահլիճում, անծանոթ դեմքեր, տարատեսակա հասարակական կազմակերպություններ, ոստիկան սպանածներ, տարիներ շարունակ մեր անվտանգությունը, զինված ուժերը խարխլած ատելության գործակալներ: Ու մեկ էլ ներս են մտնում զինվորականները, բարձրագույն հրամանատարական կազմը, ձիգ հագած, շարքով, կարգով: Բայց դահլիճում նստելու տեղ չկար: Նրանք մնացել էին ոտքի կանգնած, քանի որ աթոռներին բազմելու իրավունքն արդեն ուրիշներն էին զավթել: Լուռ հեռացան այդ օրը զինվորականները: Այդ օրվանից էլ սկսվեց փլուզման մինչեւ հիմա շարունակվող ընթացքը: Այդ օրը լռեցին, ու շատ թանկ վճարեցին:

Հիմա անկեղծ ասած՝ հունվարի 28-ին, երբ Հայոց Զինված ուժերի կազմավորման 28 ամյակն է, ի՞նչ է ասվելու հրապարակային: Ի՞նչ ուղերձ է հղվելու Բանակից հայությանը: Ապագայի համար, անվտանգության, ապահովության մասին: Դեռ այդ ամենի մասին շիտակ ասելու իրավունքի վերաձեռքբերման համար մի քանի օր կա: