կարևոր
1782 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-14 19:57

Կարմիր խաչին հայտնի չէ հայ գերիների թիվը, իսկ ՄԻԵԴ-ում ներկայացուցիչը հաստատված թվեր է ասում

Կարմիր խաչին հայտնի չէ հայ գերիների թիվը, իսկ ՄԻԵԴ-ում ներկայացուցիչը հաստատված թվեր է ասում

Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. որո՞նք են լինելու Հայաստանի հետագա քայլերը» թեմայով քննարկման ժամանակ Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը հայտնի չէ: 

«Մենք սկսել էինք այցելել եւ տեսակցել անձանց, ովքեր գերեւարվել էին կողմերում, այս էսկալացիայի արդյունքում, դեռեւս հոկտեմբերի վերջերից: Բնականաբար, ունեցել ենք որոշակի պատկերացում, թե քանի հոգի կա կողմերում: Սակայն ամբողջական պատկերը մենք չունենք եւ չգիտենք, թե այս պահին իրականում քանի հոգի է հայկական կողմից գերեւարված Ադրբեջանում: Իսկ ինչ վերաբերվում է մեր երկխոսությանը եւ գնահատականներին, դրանք հանրային հարթակում հնչեցնել մենք չենք կարող»,- ասել է Զառա Ամատունին: 

Քննարկման բանախոսներից միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել նոր լեգենդ ձեւավորելուն, որի հիման վրա կկարողանա կանխարգելել Հայաստանի կողմից նոր, նաեւ օրինական, զինված խմբավորումների գործուղումը ԼՂՀ, դրանով թուլացնելով Արցախի պաշտպանությունը:

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյանը նշել է, որ թեեւ միջազգային իրավունքի պահանջ է, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո գերիները անմիջապես վերադարձվում են, բայց ստորագրված որեւէ համաձայնությամբ էլ լրացուցիչ պետք է նման կետ սահմանվեր, որպեսզի հետագայում խնդիրների առջեւ չկանգնեինք եւ քաղաքական գործընթացների հետ չզուգորդվեր գերիների վերադարձը:

Հավելենք, սակայն, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտարարել էր, որ ներկայումս հայկական կողմն ավելի քան 120 ռազմագերի ունի. «Սրանք անվիճելի դեպքերն են, իսկ եթե մենք քննարկման առարկա դարձնենք հավանական գերեվարման դեպքերը, ապա թվաքանակը անհամեմատ ավելի մեծ է լինելու։ Կան նաեւ կանայք, հաստատված 2 դեպք կա, որ պաշտոնապես պետությունը ընդունում է եւ չի վերադարձրել, կարգավիճակի առումով միգուցե նրանք ներկայացվեն վարձկաններ, ահաբեկիչներ»,- ասում է Սիրանուշ Սահակյանը: