264 դիտում, 2021.01.14 18:44

Երբ այս իշխանությունները չեն լինի՝ նոր ամեն ինչ իր տեղը կընկնի և ապօրինությունները կմաքրվեն. սահմանադրագետ

Երբ այս իշխանությունները չեն լինի՝ նոր ամեն ինչ իր տեղը կընկնի և ապօրինությունները կմաքրվեն. սահմանադրագետ

ԲԴԽ գիտնական-անդամների տարիքային սահմանափակման մասին բանավեճ ծավալելն անգամ ամոթ է։ Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի վերջին՝ 9-րդ կետը սահմանվում է ԲԴԽ գիտնական անդամների վրա տարածվում են բոլոր այն սահմանափակումները, որոնք դատավորի համար են նախատեսված։ Այս մասին ArmDaily.am -ի հետ զրույցում ասել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

«Այդ սահմանափակումների մեջ մտնում է նաև տարիքային սահմանափակումը։ Այսինքն, դա նշանակում է, որ ԲԴԽ անդամը, որ պետք է ԱԺ-ի կողմից ընտրվի՝ խոսքը իրավաբան-գիտնականների մասին է, պետք է բավարարի նույն չափանիշներին, որը նախատեսված է դատավոր անդամների համար։ Այսինքն, 65 տարին լրացած անձը չի կարող լինել ԲԴԽ անդամ։ Միաժամանակ, ԲԴԽ անդամների վրա տարածվում են նաև հանրային ծառայողների վերաբերյալ սահմանափակումները, ըստ որի՝ նրանք չեն կարող զբաղվել ձեռնարկատիրությամբ։ Այսինքն, հստակ «Դատական օրենսգրքում» դա գրված է, թե ինչ նկատի ունի Ջհանգիրյանը՝ ես չգիտեմ։ Դա այն վիճելի հարցը չէ, ըստ որի՝ մի տեղ մի իրավակարգավորում կա, մեկ այլ տեղ՝ այլ, որ դնենք իրար հետ համադրենք։ Ուղղակի հստակ «Դատական օրենսգիրքն» ասում է, որ տարածվում են սահմանափակումները և վերջ»։

Անդրադառնալով Ջհանգիրյանի այն պնդմանը, թե եթե նման սահմանափակում կա, ապա նաև ԲԴԽ նախկին նախագահն է ապօրինի պաշտոնավարել, հետևաբար, 2 տարվա ընթացքում դատավորների ու դատարանների կողմից կայացված որոշումները ենթակա են բեկանման, քանի որ ապօրինի են՝ Այվազյանն ասաց, որ նույն տրամաբանությամբ ՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքն էլ հակասահմանադրական կերպով փոխվեց, դատավորներին էլ հակասահմանադրական ձևով աշխատանքից ազատվեցին և այլն, այսինքն, դրանից հետո որքան ՍԴ-ն որոշում է կայացրել՝ պետք է ճանաչենք անվավե՞ր։

«Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու պահից մեր երկրում բոլոր երևույթները հակասահմանադրական են ու անտրամաբանական, այնպես որ ոչ մի հակաօրինական երևույթի վրա զարմանալ պետք չէ։ Երբ այս իշխանությունները չեն լինի՝ նոր ամեն ինչ իր տեղը կընկնի և ապօրինությունները կմաքրվեն»։