710 դիտում, 2021.01.14 13:42

ՀՌՀ-ը հայտարարեց մարզերում հեռարձակման լիցենզիա ստացած հեռուստաընկերությունների անունները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր՝ հունվարի 14-ին, հրապարակեց Հանրային մուլտիպլեքսում մարզային սփռման հեռարձակողների լիցենզավորման (սլոթի) մրցույթի արդյունքները։ ՀՌՀ յոթ անդամների վարկանիշային քվեարկությամբ դիմորդ հեռուստաընկերությունները հավաքեցին հետեւյալ միավորները՝

Արագածոտն - «Պրոգրես Մեդիա» -619, «Դելտա թիվի»-674

Արմավիր - «ԱԼՏ» հեռուստախմբագրություն-292, «Արանեա» ՍՊԸ-435

Լոռի - «Ֆորտունա»-673, «Անկյուն գումարած 3»-482, «Լոռի թիվի»-529

Շիրակ - «Շանթ թիմ»-492, «Ցայգ»-589

Սյունիք - «Ձագեձոր» ՍՊԸ («Զանգեզուր» հ/ը) -573

Տավուշ - «Տավուշ մեդիա» ՍՊԸ-502

Գեղարքունիք - «Գեղամա Մեդիա Հոլդինգ» («Գավառ» հ/ը) -622

Կոտայք - «Կոտայք թիվի»-498

Մրցույթի անցողիկ՝ նվազագույն շեմը 280 միավորն է, առավելագույնը՝ 840։ Հաղթող է ճանաչվում ամենից բարձր միավոր հավաքած ընկերությունը։ Ուղիղ հեռարձակմամբ, հրապարակային հայտարարված այս արդյունքները Հանձնաժողովը կհաստատի հունվարի 18-ի նիստում ընդունվելիք որոշմամբ։

Յուրաքանչյուր մարզում լիցենզիա է տրամադրվել մեկ ընկերության։ Քանի որ Արարատի և Վայոց ձորի մարզերից այս մրցույթին հայտեր չեն եղել, մրցույթը կայացել է 8 հաճախականության համար։ Ութ մարզերից, ընդհանուր առմամբ, հայտ էր ներկայացրել 13 ընկերություն: Որոշ մարզերում հեռարձակման լիցենզիայի համար մրցակցություն կար մեկից ավելի դիմորդների միջեւ՝ Արագածոտն («Պրոգրես Մեդիա», «Դելտա թիվի», երկուսն էլ նոր ընկերություններ են, նախկինում կաբելային հեռարձակողներ), Արմավիր («ԱԼՏ» հեռուստախմբագրություն եւ «Արանեա» ՍՊԸ, որը նոր ընկերություն է հեռուստաշուկայում), Լոռի («Ֆորտունա»՝ Ստեփանավան, «Անկյուն գումարած 3»՝ Ալավերդի, «Լոռի թիվի»՝ Վանաձոր), Շիրակ՝ «Շանթ թիմ» եւ «Ցայգ»։ Մյուս մարզերում հեռարձակման համար մեկական հայտ էր ներկայացվել՝ «Ձագեձոր» ՍՊԸ-ն «Զանգեզուր» հեռուստաընկերությամբ՝ Սյունիքում, «Տավուշ մեդիա» ՍՊԸ-ն (Իջեւան քաղաք)՝ Տավուշում, «Գեղամա Մեդիա Հոլդինգ»-ի «Գավառ» հեռուստաընկերությունը՝ Գեղարքունիքում եւ Աբովյանում գործող «Կոտայք թիվին»՝ Կոտայքի մարզում։ Նորաստեղծ ընկերություններին օրենքով առավելագույնը վեցամսյա ժամկետ է տրված հեռարձակումը սկսելու համար։ Նոր սլոթերը տրամադրվում են յոթ տարի ժամկետով։

Արարատի և Վայոց ձորի մարզերի համար ՀՌՀ-ն նոր մրցույթներ է հայտարարել։

Հունվարի 15-ին կհրապարակվեն հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթներում հաղթող հեռուստաընկերությունների անունները։ Հանրապետական սփռում կիրականացնի 5 հեռուստաընկերություն, իսկ մայրաքաղաքում կհեռարձակվի 7-ը։ Նախկինում հայտարարվել էր հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման 6 եւ մայրաքաղաքային սփռման 9 սլոթի կամ հաճախականության օգտագործման մրցույթ, սակայն այս տարվա հունվարի 8-ի նիստում ՀՌՀ-ն սլոթների քանակի փոփոխություն կատարեց, քանի որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագով հանրային մուլտիպլեքսում երեք սլոթ հատկացվեց ռուսաստանյան հեռուստաալիքներին: Այսպիսով, նախապես հայտարարված 25 սլոթի փոխարեն մրցույթով բաշխվելու է 25-ը։

Հանրապետական սփռման հինգ սլոթի համար հայտարարված մրցույթին դիմել է 12 հեռուստաընկերություն՝ «Արմնյուզ», «Հ2» , «5-րդ ալիք», «Կենտրոն TV», «Արմենիա», «A TV», «1in.am», «Freenews», «Ա1+», Հայաստանի Հանրային հեռուստատեսություն, «Երկիր Մեդիա» եւ «Շանթ»: Նոր անուններ են «Ֆրի նյուզ»-ը եւ «1in.am»-ը։ 1996 թվականից գործող «Ար» հեռուստաընկերությունը մրցույթին չի մասնակցում։

Մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցները նույնպես 12-ն են։ Այդ ցանկում կան ընկերություններ, որոնք միաժամանակ մասնակցում են և՛ հանրապետական, և՛ մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթին։ Միայն մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցում են «Դար-21» հեռուստաընկերություն ՓԲԸ-ն, «Մո ԹիՎԻ մեդիա հոլդինգ» ՓԲԸ-ն («Նոր Հայաստան» հ/ը), «Առփի մեդիա» ՍՊԸ (կաբելային հ/ը), «Շանթ» ՍՊԸ-ն («Շանթ սպորտ» ծրագիր):

Հանրային հեռուստաընկերությունը (Առաջին ալիք) համապետական սփռման սլոթ է ստանում առանց մրցույթի, այստեղ խոսքը Հանրային հեռուստաընկերության նոր ալիքի մասին է, որը պետք է անցնի լիցենզավորման մրցույթի բոլոր ընթացակարգերով: Կլինի՞ Հանրային երկրորդ ալիք, եւ ո՞ր հեռուստաընկերությունները կհեռարձակվեն առաջիկա յոթ տարում, կպարզվի վաղը՝ հունվարի 15-ին։