կարևոր
1821 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-14 12:53

Ըստ Ռուստամ Բադասյանի՝ նոր դատավորները պետք են, քանի որ կոռուպցիոն հանցագործությունների քննության ծավալը մոտավորապես 30% աճի միտում ունի

Ըստ Ռուստամ Բադասյանի՝ նոր դատավորները պետք են, քանի որ կոռուպցիոն հանցագործությունների քննության ծավալը մոտավորապես 30% աճի միտում ունի

Կառավարությունն այսօր՝ հունվարի 14-ին, հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավա­­րու­թյան օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագծերի փաթեթով ներդրվում է 2 ենթամասնագիտացում: Մասնավորապես՝ կստեղծվի մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում:

Նախագծի անհրաժեշտությունն արդարադատության նախարարը պայմանավորեց այն հանգամանքով, որ ըստ դատական իշխանության վիճակագրական տվյալների՝ քրեական մասնագիտացման դատավորները քննում են նաև այնպիսի գործեր, որոնք վերաբերում են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը՝ կալանքի միջնորդություններ, խուզարկության թույլտվության միջնորդություններ:

«Մեր հակակոռուպցիոն ռազմավարությունից բխում է, որ պետք է ներդրվի մասնագիտացում նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության մասով՝ կրկին քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Կարելի է եզրահանգել, որ դատական համակարգում կոռուպցիոն հանցագործությունների քննության ծավալը մոտավորապես 30% աճի միտում ունի»,- նշեց Ռուստամ Բադասյանը:

Նախատեսվում է նաև դատավորների թվակազմի ավելացում ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում: Նախատեսվում է ավելացնել մինչև 21 դատավորի հաստիք առաջին ատյանի դատարանում և մինչև 3 դատավորի հաստիք Վերաքննիչ քրեական դատարանում:

Օրենսդրական փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ԲԴԽ-ն պետք է դիմի Կառավարությանը, որպեսզի ստանա համաձայնություն հաստիքների ավելացման վերաբերյալ: Անհրաժեշտ կարգավորումներից հետո կձևավորվի դատարանի նոր կազմը: