360 դիտում, 2021.01.14 12:34

Դավիթ Սանասարյանը հրաժարական է ներկայացրել ՊՎԾ պետի պաշտոնից

Դավիթ Սանասարյանը հրաժարական է ներկայացրել ՊՎԾ պետի պաշտոնից

Դավիթ Սանասարյանը երեկ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սանասարյանը հայտարարել է, որ համախոհ ընկերների հետ նախաձեռնում է նոր քաղաքական գործընթաց և առաջիկայում կներկայացնի ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու և Հայաստանի զարգացման ու հզորացման իր բանաձևերը։

«Շուրջ երկու տարի է, ինչ ապօրինի քրեական գործի հետևանքով հեռացված եմ որպես ՊՎԾ ղեկավար ձեզ ծառայելու հնարավորությունից, և ամբաստանյալի կարգավիճակով մասնակցում եմ ինձ հետ, ըստ էության, կապ չունեցող դատական գործընթացին, ինչը թույլ չէր տալիս իրականացնել երկիրը կոռուպցիայից մաքրելու իմ հանձնառությունը։ Վաղուց կայացրել եմ ինձ համար դժվար մի որոշում, բայց, հաշվի եմ առել հետպատերազմյա ցնցումներից բխող վտանգները և հետաձգել եմ այն, որպեսզի չմեծացնեմ նախորդ ռեժիմի ներկայացուցիչների վերադառնալու հնարավորությունները», - գրում է Սանասարյանը: 

Նա հիշեցրել է, որ միշտ սատարել է իշխանությանը ճգնաժամային իրավիճակներում։ «Սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով այս ընթացքում չի հաջողվել հանդիպել վարչապետի հետ և ներկայացնել տարբեր հարցերում տեսակետներս, անհամաձայնություններս, որի փորձն արել եմ նաև հրադադարից անմիջապես հետո»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ հեմոդիալիզի գնումների գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Սանասարյանի լիազորությունները ՊՎԾ պետի պաշտոնում կասեցված էին 2019 թ.-ի ապրիլից:  Նշենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: