254 դիտում, 2021.01.14 12:11

Արցախի պետբյուջեի սեփական եկամուտները կնվազեն ավելի քան երեք անգամ՝ 56 մլրդ դրամից դառնալով 17 մլրդ դրամ

Արցախի պետբյուջեի սեփական եկամուտները կնվազեն ավելի քան երեք անգամ՝ 56 մլրդ դրամից դառնալով 17 մլրդ դրամ

Հունվարի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության 2021թ-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ներկայացումը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին: Ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում բազմաթիվ սոցիալական խնդիրներով պայմանավորված՝ 2021թ-ի բյուջետային քաղաքականությունն հիմնականում ունենալու է  սոցիալական ուղղվածություն: 2021-ին Արցախի պետական բյուջեի սեփական եկամուտները կկազմեն 17 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 56 մլրդ դրամի փոխարեն, իսկ ՀՀ-ից տրամադրվող բյուջետային վարկի չափը կկազմի 64,7 մլրդ դրամ: Ընդհանուր եկամուտները կկազմեն 81,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 124,8 մլրդ դրամ, որի արդյունքում դեֆիցիտը կկազմի 43,2 մլրդ դրամ։ 

Մինչ 2021թ-ին նախատեսվող ֆինանսական ցուցանիշները ներկայացնելը՝ պետնախարար-ֆինանսների նախարարը նշել է, որ 2021թ-ի բյուջեն կազմվել է տարեսկզբի համավարակի   և աշնանն ընթացած պատերազմի հետևանքները հաշվի առնելով: Սեպտեմբերին պարտադրված պատերազմը իր կործանարար ազդեցությամբ հանգեցրեց տնտեսության անկմանը: Անդրադառնալով 2021թ-ի ֆինանսական փաստաթղթին՝ Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ 2021թ-ին կանխատեսվող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի 224,5 մլրդ դրամ ՝ անկումը կանխատեսելով շուրջ 25%-ի չափով:

«Եկամուտները գալիք տարում կկազմեն 81 մլրդ830,7մլն դրամ, ծախսերը՝ 124 մլրդ 851,2 մլն դրամ, որի արդյունքում դեֆիցիտը կկազմի 43 մլրդ20,5մլն դրամ»,-հայտնել է պետնախարարը:

2021թ-ին պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 17 մլրդ 50 մլն դրամի չափով՝ նախորդ տարվա 56 մլրդ դրամի համեմատ:Հարկային եկամուտները կկազմեն 17մլրդ դրամ, ՀՀ-ից տրամադրվող բյուջետային վարկի չափը կկազմի 64 մլրդ 780,7մլն դրամ:

Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 124 մլրդ 851,2 մլն դրամ, որը  պակաս   է նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից 7,8 %-ով: Ծախսեր/ՀՆԱ  հարաբերակցությունը կկազմի 55,6%՝ 2020թ․ 46,2%-ի դիմաց:

2021թ պետական բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները ըստ ոլորտների

Գյուղատնտեսություն՝ 5 մլրդ 91,6 մլն դրամի չափով

Տնտեսական զարգացման ծրագրեր՝ 618,3 մլն դրամ

ԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար, «Էլեկտրաէներգիայի, գազաֆիկացման, կապի ծառայությունների սուբսիդավորում» ծրագրի ծախսերը կկազմեն 12,0 մլրդ դրամ:

Սոցիալական պաշտպանություն՝ 31 մլրդ 475,1 մլն դրամ

Առողջապահություն՝ 8 մլրդ 750,3 մլն դրամ

Կրթություն՝ 14 մլրդ 728,1 մլն դրամ

Մշակույթ և երիտասարդություն՝ 2 մլրդ 431,6 մլն դրամ

Համայնքների բյուջեներին տրամադրվող դոտացիաներ՝ 2 մլրդ 892,6 մլն դրամ: